հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Շանթ Հարությունյանի համար 7 տարվա ազատազրկում պահանջեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շանթ Հարությունյանի համար 7 տարվա ազատազրկում պահանջեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը պահանջել է 7 տարվա ազատազրկման դատապարտել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին։ Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Շանթ Հարությունյանի և նրա 13 ընկերների գործով դատավարությունը, որի ընթացքում մեղադրողը նաև 5 տարվա ազատազրկում է պահանջել Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի համար։

Դատախազը նաև պահանջել է մեղադրյալ Վահե Մկրտչյանին ազատազրկել 8,5 տարով, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարով, Վարդան Վարդանյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Ավետիս Ավետիսյանին՝ 6,5 տարով, Ալեք Պողոսյանին և Հայկ Հարությունյանին՝ 6 տարով, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5,5 տարով, Միսակ Մնացականյանին, Արմեն Հովհաննիսյանին և Տիգրան Պետրոսյանին՝ 4 տարով։ Գևորգ Գևորգյանը միջնորդել է Միսակ Առաքելյանի նկատմամբ 50 հազար դրամի չափով տուգանք սահմանել։

Շանթ Հարությունյանն ու նրա 13 ընկերները մեղադրվում են 2013 թվականի նոյեմբերի 5-ին իրենց նախաձեռնած երթի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, որը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Նրանցից 3-ը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը, Արթուր Մարգարյանը, Վահե Մկրտչյանը, մեղադրվում են նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, ինչը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում։ Հայկ Հարությունյանը մեղադրվում է խուլիգանության, ինչպես նաև զգալի չափով հոգեմետ նյութ պահելու մեջ։ Այդ նյութը գտել են Հարությունյանի տան խուզարկման ժամանակ, նա և նրա հարազատները պնդում են, որ դա ընդամենը շան համար նախատեսված դեղ է եղել։

Ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթի ընթացքը խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները իրենք են հրահրել ընդհարումը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 22-ին։

Դատախազի գործողությունները դատական նիստից հետո մեկնաբանում են մեղադրյալների հարազատները․