հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ե՞րբ ոստիկանն իրավունք ունի քաղաքացիական հագուստ կրել․ Շանթ Հարությունյանի գործի մասին

Ե՞րբ ոստիկանն իրավունք ունի քաղաքացիական հագուստ կրել․ Շանթ Հարությունյանի գործի մասին

Ոստիկանը չի կարող հասարակական կարգը պահպանելու ժամանակ լինել քաղաքացիական հագուստով։ Նա կարող է քաղաքացիական հագուստով լինել միայն այն ժամանակ, երբ կատարում է օպերատիվ գործողություն։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զաքարյանը՝ հղում անելով Ոստիկանության մասին ՀՀ օրենքին և հավաքների ազատության մասին օրենքին։

Նշենք, որ քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և 13 ընկերների գործով դատավարության ժամանակ մեղադրյալների պաշտպանները որպես վկա կամ տուժող անցնող ոստիկաններին բազմիցս հարց են ուղղել՝ ո՞ր դեպքերում ոստիկանը կարող է լինել քաղաքացիական հագուստով, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը մշտապես հանել է հարցը՝ թույլ չտալով ոստիկաններին պատասխանել դրան։

Նոյեմբերի 5-ի երթի ժամանակ, երբ ձերբակալվել են Հարությունյանն ու ընկերները, 6 քաղաքացիական հագուստով ոստիկաններ են աշխատել։ Ընդ որում՝ ոստիկանությունը բացահայտել է նրանցից միայն երկուսի անունները՝ Հարություն Ալեքսանյան և Էդգար Ալեքսանյան, ովքեր գործով որպես տուժող են անցնում։

Ըստ մեղադրանքի՝ Էդգար Ալեքսանյանին ծեծել են երթի մասնակիցներից Մկրտիչ Հովհաննիսյանը և Ալբերտ Մարգարյանը, իսկ Հարություն Ալեքսանյանին՝ Վահե Մկրտչյանը։

Նշված 3 ամբաստանյալները քաղաքացիական հագուստով տուժողներին հարվածելու համար ավելի ծանր հոդվածով են անցնում, քան մյուսները։ Նրանք մեղադրվում են խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։ Մյուսները մեղադրվում են խուլիգանության մեջ։ Ամբաստանյալները պնդում են, որ չէին կարող իմանալ, որ քաղաքացիական հագուստով անձինք ոստիկաններ են, ու վերջիններիս սադրիչ են անվանում։

Արա Զաքարյանը մեզ հետ զրույցում նաև պարզաբանել է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները երթերի ժամանակ չեն կարող աշխատել, նաև՝ ինչ գործողություն էլ որ անեն, իրավունք չունեն բացահայտել իրենց ինքնությունը։ Այս դեպքում, սակայն, ոստիկաններից մեկը հարձակվել է Վահե Մկրտչյանի վրա, իր խոսքով, կասկածելով, թե նա զենք ունի։ Դատական նիստերին ոստիկանները պնդել են նաև, որ երթի մասնակիցներին զգուշացրել են, թե իրենք ոստիկանության աշխատակիցներ են։

«Երթի ժամանակ մասնակիցները պետք է իմանան՝ ով է ոստիկան, ով՝ ոչ։ Ոստիկաններն իրենց ինքնությունը բացահայտել են, ավելին՝ նրանք սադրել են երթի մասնակիցներին, ուստի՝ սադրիչներ են», – ասել է Արա Զաքարյանը։

Նա հիշեցրել է, որ դատարանում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է, որ նոյեմբերի 5-ին քաղաքացիական հագուստով ոստիկանները ներգրավվել են գաղտնի որոշմամբ, սակայն որոշումը չի ներկայացրել։

«Այսինքն՝ խիստ կասկածելի է, որ նման նախնական որոշում եղել է», – ասել է Զաքարյանը։