Home / Տեսանյութեր / Քաղբանտարկյալին սպառնացել են «թիկունքից խփել» Ղարաբաղում ծառայող որդուն

Քաղբանտարկյալին սպառնացել են «թիկունքից խփել» Ղարաբաղում ծառայող որդուն

Այսօր քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով հերթական դատական նիստի ժամանակ ամբաստանյալ ազատամարտիկ Վարդան Վարդանյանը (լուսանկարում՝ ձախից) ասել է, որ իրեն ոստիկանությունում խոշտանգել են և սպառնացել։ Մասնավորապես, Վարդանյանի խոսքով, ոստիկաններն սպառնացել են «թիկունքից խփել» Ղարաբաղում ծառայող իր որդուն։

Խոսելով իր դեմ կիրառված խոշտանգումների մասին՝ Վարդանյանն ասել է, որ 4 հոգի բռնել են իր ձեռքերը, իսկ մի ոստիկան՝ պարանոցը։ Այս դիրքով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր հատվածներին։ Ծեծի ընթացքում Վարդանյանը կորցրել է իրեն տրված շքանշանները, որոնք մինչ այժմ չեն վերադարձվել ազատամարտիկին։

Վարդանյանը դատարանին հայտնել է, որ նմանատիպ մեթոդներ ու սպառնալիքներ կիրառվել են նաև մյուս ամբաստանյալների նկատմամբ, ինչի հետևանքով էլ նրանք ստորագրել են քննիչի գրած ցուցմունքնեը՝ չմտածելով, որ դատարանում դատախազը դա կօգտագործի իրենց դեմ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իր դեմ կիրառված բռնությունների մասին խոսել էր նաև Շանթ Հարությունյանը։ 

Նշենք, որ Հարությունյանն ու նրա 13 ընկերները մեղադրվում են նոյեմբերի 5-ին իրենց նախաձեռնած երթի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով: Նրանք չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթին խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները իրենք են հրահրել ընդհարումը։