Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանն այսօր դատարանում մոտ երկու ժամ ցուցմունք է տվել՝ չխոսելով, սակայն, իր դեմ հարուցված գործից։ Ինչպես նախորդ նիստերին, նախագահող Մնացական Մարտիրոսյանը գործին չառնչվող ելույթու ընթացքում Հարությունյանին ընդհատում էր միայն այն ժամանակ, երբ քաղբանտարկյալը խոսում էր Սերժ Սարգսյանից, մասնավորապես, վերջինիս «կոմսոմոլի մտածելակերպից»։
Իր ելույթում Հարությունյանն ասել է, որ, լինելով նժդեհական, ինքը հակահեղափոխական է եղել, սակայն հետագայում հասկացել է, որ ժողովուրդներին «իմունիտետ ունենալու համար» անհրաժեշտ են բարեփոխումներ։
Ըստ նրա՝ հայերը բազմիցս բաց են թողել բարեփոխումների շանսը․ օրինակ, 9-րդ դարում անկախություն ստանալով, Բագրատունիները բարեփոխումների չգնացին և Սյունիներին ու Արծրունիներին արժանի չգնահատեցին, չնայած վերջիններս շատ բան էին արել թագավորության ստեղծման և արաբական լծից ազատագրվելու համար։ Հռոմի կայսրությունը, հակառակը, բարեփոխումների շնորհիվ երկարացրել է իր գոյությունը․ նման բարեփոխման օրինակ էր քրիստոնյաներին հեթանոսների հետ ապրելու իրավունք տալը։
Հայերը, ըստ Հարությունյանի, 1000 տարի որևէ բարեփոխման չեն գնացել, նրանց ազգային ինքնագիտակցությունը ձևավորվել է հելենիստական շրջանում։ Հայ ժողովուրդը չի էլ ունեցել անկախ պետականություն ստեղծելու իղձ, և «իզուր է այդ իղձի մասին հիշատկված Երրորդ հանրապետության անկախության հռչակագրում»։
Այդ իղձի բացակայությունը և տնտեսական շահն է բամզաթիվ հայերի մահմեդականալու պատճառ դարձել, այլ ոչ թե բռնաճնշումները, վստահ է Շանթ Հարությունյանը։
«Ես ուզեցել եմ ժողովրդի միջից վախը հանել։ Վախկոտ մարդն է, որ ամենաստոր արարքների է ընդունակ։ Ձեզ թվում է, երբ ես ասում էի բենզինի շշերով գնալու եմ, չէի՞ հասկանում, որ դրա մեջ բռնության կոչ կա։ Կամ ձեզ թվում է, որ ես չե՞մ գիտակցում, որ իմ ցուցմունքը դուրս է քրեական գործից։ Ուղղակի ես չեմ համարում սա քրեական գործ։ Սա իմ համար առիթ է իմ խոսքը ասելու», – ասել է Շանթ Հարությունյանը։
Վերջինս անդրադարձ է կատարել նաև ԱՄՆ-ին, որին քաղբանտարկյալը ժամանակակից հզորագույն երկիրն է։ Ըստ նրա՝ այդ երկրի հզորության պատճառներից մեկն այն է, որ Սահմանադրությամբ ապահովված է մարդու ապստամբելու իրավունքը։ Այդ իրավունքն ամրապնդվում է քաղաքացու զենք կրելու ազատությամբ։
«Ամերիկայում, եթե մեկը կարող է ապացուցել, որ ընտրությունները կեղծել են կամ այլ հանցանք արել, նա կարող է էդ հանցագործին գլխից խփել, իսկ ինձ դատում են փայտով փողոց դուրս գալու համար»,-ասել է Շանթ Հարությունյանը։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ում նաև դրական է այն, որ մեծ իրավունքներ ունեցող մարդիկ քիչ ազատություն ունեն, օրինակ, կազինոյից դուրս եկող միլիոնատերը չի կարող հայհոյել «բոմժին»։
«Ազատությունը ամենաշատը գնահատում են կալանավորները։ Այդ պատճառով ազատությունը բարձր է գնահատվում ԱՄՆ-ում, որը ոչ թե սովորական քրեական կալանավորների, այլ քաղաքական բանտարկյալների կողմից է ստեղծվել»,-ասել է Շանթ Հարությունյանը։
Քաղբանտարկյալն ասել է, որ Հայաստանը, ինչպես նաև որևէ այլ ժամանակակից երկիր, կառուցվել ազգային գաղափարախոսության վրա, սակայն այն պետք է կառուցվի եղբայրության, հավասարության և ազատության սկզբունքների հիմքով։
Նշենք, որ Հարությունյանն ու նրա 13 ընկերները մեղադրվում են նոյեմբերի 5-ին իրենց նախաձեռնած երթի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով: Նրանք չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթին խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները իրենք են հրահրել ընդհարումը։