Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով նիստի ժամանակ ցուցմունք են տվել գործով որպես տուժող անցնող այն ոստիկանները, ովքեր քաղաքացիական հագուստով են իրենց պարտականությունները կատարել։ Ինչպես հայտարարարել է Շանթ Հարությունյանը, այդպիսի ոստիկանների թիվը նոյեմբերի 5-ի երթի ժամանակ 6-ն է եղել։
Ոստիկան Հարություն Ալեքսանյանը դատարանում ասել է, որ ինքը հարձակվել է մեղադրյալ Վահե Մկրտչյանի վրա, քանի որ տեսել է, թե վերջինս ձեռքը տանում է բաճկոնի տակ և շարժվում է դեպի մի խումբ ոստիկաններ։ Տուժողն ասել է, որ կասկածել է, թե Մկրտչյանը զենք է հանում շորի տակից։ Ըստ Ալեքսանյանի՝ ինքը հարվածներ է ստացել Մկրտիչ Հովհաննիսյանից և Ալբերտ Մարգարյանից։
Տուժող ոստիկանը, սակայն, հրաժարվել է բացատրել՝ ինչու էր ինքը քաղաքացիական հագուստով, ինչպես նաև չի պատասխանել այն հարցին, թե ինչ իրավական ակտի համաձայն է կարգավորվում՝ որ միջոցառումների ժամանակ է պետք կրել համազգեստ, իսկ որ դեպքերում՝ ոչ։
Նշենք, որ, ինչպես և նախորդ նիստին, դատավոր Մնացական Մարտիրոսյանը, հանել է մեղադրյալ Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպան Ռուզաննա Հովհաննիսյանի հարցերը, կամ ուղղորդել է տուժողի պատասխանները, ինչից հետո Հովհաննիսյան դժգոհել է դատավորի գործողություններից։
Ցուցմունք է տվել նաև տուժող ոստիկան Էդգար Ալեքսանյանը, ով նոյեմբերի 5-ի երթին ևս եղել է քաղաքացիական հագուստով։ Նա նույնպես հրաժարվել է ասել՝ ինչ օրենքով էր ինքը քաղաքացիական հագուստ կրում։
Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը կոչ է արել իր ընկերներին և նրանց փաստաբաններին հարցել չտալ այդ տուժողներին, քանի որ դրանով ոստիկաններին միայն օգնում են արդարացնել իրենց։
Մինչդեռ, նշել է Հարությունյանը, քաղաքացիական հագուստով անձինք սադրիչներ են, որոնց իրենք կարողացել են բացահայտել, այդ պատճառով իսկ պետք չէ այլևս որևէ բան հարցնել նրանց։