Թուրք 9 պաշտոնյաների, այդ թվում` Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորի ու Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի (լուսանկարում) դեմ հետաքննություն է սկսվել՝ 2007 թվականին սպանված թուրքահայ լրագրող, Ստամբուլում հայերեն ու թուրքերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանություն գործում պաշտոնեական անփութություն ցուցաբերելու կասկածանքով, հայտնում է Today's Zaman-ը։
Դինքի ընտանիքի փաստաբանները 2011 թվականին բողոք էին ներկայացրել Գյունգյորի, Ջերահի, Ստամբուլի Ոստիկանության հետախուզության բաժնի նախկին պետ Իլհան Գյուլերի, ինչպես նաև 6 այլ ոստիկանների դեմ՝ պնդելով, որ նշված պաշտոնյաները անփութություն են ցուցաբերել Դինքի սպանությունը կանխելու հարցում։
Բողոքից հետո դատախազությունը նրանց հետաքննելու թույլտվության պահանջով դիմել էր Ստամբուլի նահանգապետի գրասենյակ։ Նահանգապետի գրասենյակից մերժում ստանալով՝ դատախազությունը որոշել էր հետաքննություն չսկսել։
Դինքի ընտանիքը, սակայն, դիմել էր դատարան՝ պահանջելով չեղյալ համարել Ստամբուլի դատախազության որոշումը։ Այս տարվա մայիսին դատարանը բավարարել էր պահանջը։