Բանակում խաղաղ պայմաններում զոհված 5 զինծառայողների ծնողներն այսօր երթով ՀՀ կառավարության շենքի մոտից շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր։ Նրանց խոսքով՝ բողոքի երթի և ակցիայի նպատակն է ևս մեկ անգամ փորձել պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել իրենց որդիների սպանությունների վրա, որոնց մեղավորները տարիներ ի վեր չեն բացահայտվում և չեն պատժում։
Երբ ակցիայի մասնակիցները հասել են նախագահական նստավայրի առաջնամաս, ոստիկանները փակել են նրանց ճանապարհը՝ պահանջելով չքայլել Բաղրամյան 26-ի մայթով։ Բողոքողներից մի քանիսը դուրս են եկել փողոցի երթևեկելի հատված՝ շրջանցելով ոստիկաններին, վերջիններս քաշքշելով և հրելով նրանց կրկին բերել են մայթ։ Արդեն նախագահականի մուտքի մոտ զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, փորձել է մոտենալ դարպասին, սակայն ոստիկանները դարձյալ հրելով և քաշքշելով հեռացրել են նրան, ինչը առաջացրել է կնոջ զայրույթը, ով փորձել է ամեն կերպ մոտենալ դարպասին՝ պահանջելով չհրել իրեն։ Կնոջ նկատմամբ ուժ կիրառած ոստիկանները պատճառաբանել են, թե իրենց աշխատանքն են կատարում, իսկ Մուրադյանն ասել է, որ վերջիններիս երեխաները նման բախտի բանակում չեն արժանացել ու իրենք չեն կարող հասկանալ իրեն։
«Սերժ Սարգսյանն է սպանողը», ֊ մի քանի անգամ բղավել են զինծառայողների ծնողները։
Բողոքի ակցիայի մասնակիցները նախագահականի դիմաց պաստառ են բացել, որի վրա զոհված հինգ զինվորների լուսանկարներն էին՝ Տիգրան Օհանջանյան, Վալերի Մուրադյան, Արթուր Ղազարյան, Արայիկ Ավետիսյան, Արման Մուրադյան։
Epress.am֊ի թղթակցի հետ զրույցում զոհված զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանն ասել է, որ իրենց հարցերն անպատասխան են մնում, սպանված երեխաների գործերին ոչ ոք ուշադրություն չի դարձնում և իրենք ևս մեկ անգամ ցանկանում են հիշեցնել բանակում ապօրինությունների մասին։
«Մեր երեխաներին արագիլը չի բերել, որ պահենք, մեծացնենք, իսկ իրենք բանակում հոշոտեն, ու ոչ մեղավոր են բացահայտել, ոչ էլ պատժվող է եղել», ֊ ասել է Մուրադյանը։
Նա նշել է, որ եթե այսօրվա ակցիայից հետո էլ իրենց վրա ուշադրություն չդարձնեն, ապա հաջորդ անգամ ավելի մեծ թվով մարդկանց հետ են նախագահականի դիմաց ակցիա կազմակերպելու։
Ծնողներին խոստացել են, որ իրենց կհանդիպի նախագահականի աշխատակիցներից մեկը, սակայն 12։15-ի դրությամբ նրանք դեռ սպասում էին, ավելացել է միայն ոստիկանների թիվը։
Մանրամասները՝ տեսանյութում։