Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել «Գլենդել հիլզ» ընկերության կողմից խաբված՝ Եկմալյան փողոցի 6-14 շենքերի բնակարանատերերը, ինչպես նաև «Տոնուս քոնսթրաքշնս» ընկերության կողմից խաբված՝ Դավթաշենի երկրորդ թաղամասի 46/2 շենքի բնակարանատերերը։ Ակցիային մասնակցում է շուրջ 60 մարդ։ Ցուցարարները պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Ակցիայի վայրից Epress.am֊ի լրագրողը տեղեկացնում է, որ Կառավարության նիստից հետո կառավարության աշխատակազմի որոշ ներկայացուցիչների հետ հանդիպման են հրավիրվել «Տունուս»֊ի կողմից խաբված բնակարանատերերը։ Այս հանգամանքն առաջացրել է Եկմալյան փողոցի շենքերի բնակարանատերերի դժգոհությունը, որոնք նույնպես հանդիպում են պահանջում։
Epress.am-ի հետ զրույցում «Տոնուս»֊ից խաբված բնակարանատերերից մեկն ասել է, որ իրենք դիմումներ են պատրաստել՝ ուղղված գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել խարդախության հոդվածով՝ իրենց սեփականության իրավունքը խախտելու հիմնավորմամբ։
Նշենք` Դավթաշենի երկրորդ թաղամասի 46/2 շենքի բնակարանատերերն անտուն են մնացել «Տոնուս քոնսթրաքշնս» ընկերության սնանկության պատճառով։ Ընկերությունը բնակարանները վաճառել է մարդկանց՝ միևնույն ժամանակ շենքի դիմաց վարկ վերցնելով «Արցախբանկ»-ից։ Բանկն այժմ հրաժարվում է սեփականության վկայականները տալ բնակարանատերերին։
«Գլենդել հիլզ» ընկերության կողմից խաբված բնակարանատերերն ավելի վաղ մեկ այլ ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ակցիային մասնակցում էին տարբեր շենքերում, այդ թվում՝ Տիգրան Մեծ պողոտայի, Եկմալյան փողոցի և Երևանի գինու կոմբինատի հարևանությամբ կառուցվող բնակելիներում բնակարան գնած քաղաքացիներ: Նրանք նշել են, որ «Գլենդել հիլզ»-ի սնանկության պատճառով բնակարանից զրկվել է մոտ 130 մարդ։