ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ցանկանում է, որ ոչ իշխանական ուժերի հանրահավաքները չբերեն արյունահեղության և ժողովրդի հիասթափության։ Այս մասին նա ասել է այսօր ԱԺ֊ում՝ խմբակցությունների հայտարարությունների ժամին։ Պատգամավորը, սակայն, հրաժարվել է այսօր կայանալիք հանրահավաքի վերաբերյալ կանխատեսումներ անել։
Ռուստամյանի խոսքով՝ անորոշությունները պահպանվել են ու հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո որոշ չափով ավելացել են։
«Ընդհանրապես, առաջին հանրահավաքը կարևոր դեր ունի. որևէ գործողության համար լավ սկիզբը գործի կեսն է»,֊ ասել է նա։
Հիշեցնենք, որ ՀՅԴ֊ն ևս մասնակցում էր ոչ իշխանական ուժերի համատեղ գործողություններին ԱԺ֊ում, սակայն նրանց և մյուս 3 ոչ իշխանական ուժերի՝ «Ժառանգության», ԲՀԿ֊ի և ՀԱԿ֊ի միջև հակասություններ եղան Սահմանադրական բարեփոխումների ծրագրի շուրջ, որից հետո ՀՅԴ֊ն հրաժարվեց մասնակցել հոկտեմբերի 10֊ի հանրահավաքին։