Վրաստանում մեծ աղմուկ է բարձրացել Մոխե գյուղում գտնվող հին կիսաքանդ շինության շուրջ։ Տեղի մահմեդականները պահանջում են շենքում մզկիթ բացել․ այս գաղափարին, սակայն, դեմ են ուղղափառները։ Առաջինները վստահեցնում են, որ շենքն իրենց տրամադրելու խոստում էին տվել «Վրացական երազանք»֊ի ներկայացուցիչները դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ։ Հավատակիցների պայքարին սպառնում են միանալ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում պայքարող վրացի մահմեդականները։ Այս մասին «Էխո Կավկազա» կայքում գրում է թբիլիսցի լրագրող Զվիադ Մչեդլիշվիլին։
«Խուլոյսկի շրջանում (շրջան Աջարիայում, որը հիմնականում բնակեցված է մահմեդականներով) երեք տարի եկեղեցի էին կառուցում։ Թող որևէ մեկը հիշեցնի դրան խանգարելու որևէ փորձի կամ նման այլ միջադեպի մասին»,֊ իր վրդովմունքն է արտահայտել Վրաստանի մահմեդական կանանց միության ղեկավար Էթերի Աբաշիձեն, ով ամբողջ գիշեր հավատակիցների հետ կանգնել է Թբիլիսիի դատախազության շենքի դիմաց։ Հավաքվածները պահանջում էին ազատ արձակել հոկտեմբերի 22֊ին իրավապահներին դիմադրություն ցուցաբերելու համար Մոխեում ձերբակալված 14 անձանց։ Ոստիկանության հետ բախումներն սկսվել էին այն բանից հետո, երբ տեղի մահմեդական բնակիչները փորձել են կանխել կիսաքանդ շենքի ապամոնտաժումը։
Ադիգենի շրջանի մզկիթներից մեկի առաջնորդի՝ Ջամբուլ Աբուլաձեի խոսքով, Վրաստանի մահմեդականների մուֆտին՝ Ջեմալ Փաքսաձեն խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարել էր, որ այդ շենքում մզկիթ կլիներ, եթե տեղացիները քվեարկեին «Վրացական երազանքի» օգտին։
«Իշխանության ներկայացուցիչները նույն բանն էին ասում։ Ի սկզբանե այդ շենքը մզկիթ է եղել, սակայն կոմունիստների ժամանակ այնտեղ ակումբ են բացել։ Այժմ մեզ հայտնի է դարձել, որ իշխանությունները պատրաստվում են այնտեղ գրադարան կառուցել։ Արդեն սկսել են ապամոնտաժման աշխատանքները։ Հետևաբար, մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի վերադարձնենք շենքը։ Մենք կպայքարենք բացառապես օրենքի սահմաններում»,֊ ասել է Աբուլաձեն։
Մոխեի ուղղափառ բնակիչները պնդում են, որ մինչև 18֊րդ դարը շինությունը գործել է որպես եկեղեցի։ Ընդ որում, տեղի քրիստոնյաները դեմ չեն, որպեսզի այժմ այնտեղ գրադարան կառուցվի։
Իշխանության ներկայացուցիչներն իրենց նախընտրական խոստումների մասին ոչինչ չեն ասում։ Դրանց մասին չի հիշում նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով երեկ՝ հոկտեմբերի 23֊ին, լրագրողների հետ զրույցում բացատրել է՝ ապամոնտաժումն ինչու է արվում․ «Տեղի իշխանությունները այդ շենքի փոխարեն գրադարան կառուցելու մրցույթ են հայտարարել քրիստոնյաների ու մահմեդականների միջև կոնֆլիկտից խուսափելու համար։ Գրադարանից օգտվելու են երկու հավատքների ներկայացուցիչները։ Ուզում եմ դիմել քրիստոնյաներին ու մահմեդականներին՝ դուք, որպես մեր երկրի քաղաքացիներ, ունեք հավասար իրավունքներ, ու հավասարապես պետք է ենթարկվեք օրենքներին»։
Վրաստանի օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլին կարծում է, որ իշխանությունները պետք է դադարեցնեն ապամոնտաժումը՝ կրոնական ծայրահեղականության արտահայտումներից խուսափելու համար։
Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչ Գեորգի Գոցիրաձեն համամիտ է մարդու իրավունքների պաշտպանի հետ․ «Իշխանությունները բացահայտ նախապատվություն են տալիս կրոնական մեծամասնությանը ու հաճախ աչք են փակում նրանց կողմից օրենքի խախտումների վրա։ Օրինակ, Քոբուլեթիում մահմեդական դպրոցներից մեկի դռան վրա քրիստոնյաները խոզի գլուխ էին ամրացրել, ինչը, սակայն, համապատասխան պատժի չարժանացավ։ Մինչդեռ իշխանությունները անհիմն կոպտությամբ ու դաժանությամբ են կանխում կրոնական փոքրամասնության գործողությունները»։
Իրավապաշտպանը հիշեցրել է Ադիգենի շրջանում գրանցված մեկ այլ միջադեպի մասին, երբ առանց որևէ հիմնավորման ապամոնտաժվել էր Չելա գյուղի մզկիթի մինարեթը։
Կրակի վրա յուղ են լցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում պայքարող վրացիները։ Ոմն Թամազ Չաղալիձե «Ֆեյսբուք» սոցցանցում հայտարարել է, որ մոջահեդները որևէ մեկին թույլ չեն տա նվաստացնել ու հետապնդել Վրաստանի իրենց հավատակիցներին։