ՈՒԵՖԱ֊ի կարգապահական կոմիտեն վճռել է կարգապահական տույժի ենթարկել Ալբանիայի և Սերբիայի հավաքականներին, որոնց միջև կայացած Եվրո-2016-ի ընտրական փուլի հանդիպումը կասեցվել էր հոկտեմբերի 14-ին։ Սերբիան և Ալբանիան ընդգրկված են Հայաստանի հավաքականի հետ միևնույն ընտրական խմբում։
Համաձայն ՈՒԵՖԱ֊ի որոշման, սերբերից հանվում է 3 միավոր, իսկ Ալբանիային այդ հանդիպման համար 0։3 հաշվով պարտություն է գրանցվում։ Բացի դա, երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաները տուգանվել են 100 հազար եվրոյի չափով, իսկ Սերբիան սեփական հարկի տակ հաջորդ երկու հանդիպումը կանցկացնի առանց հանդիսատեսի։
Այդ երկու հանդիպումներից մեկը սերբերը հաջորդ տարվա սեպտեմբերին անցկացնելու են Հայաստանի հավաքականի դեմ։
Հոկտեմբերի 14-ի հանդիպումը կասեցվել էր առաջին խաղակեսում, քանի որ ալբանացիները հեռակառավարմամբ աշխատող անօդաչու թռչող սարք էին բաց թողել խաղադաշտ, որի վրա «Մեծ Ալբանիայի» քարտեզն էր պատկերված և Ալբանիայի երկու ազգային հերոսների նկարները։ Քարտեզի վրա «Մեծ Ալբանիայի» կազմի մեջ էր ներառված Ալբանիան, Կոսովոն, Չերնոգորիան և Սերբիայի և Մակեդոնիայի մի մասը։
Այն բանից հետո, երբ սերբերի պաշտպան Ստեֆան Միտրովիչը պոկել է դրոշը, ալբանացի ֆուտբոլիստները փորձել են խլել այն նրա ձեռքից, որի հետևանքով ծեծկռտուք է սկսվել։ Խաղադաշտ են դուրս եկել նաև երկրպագուները, որոնցից մեկը աթոռով հարվածել է Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստին։ Սերբ ֆուտբոլիստների և ոստիկանների օգնությամբ ալբանացիները կարողացել են հանդերձարան մտնել, իսկ հանդիպման մրցավարը որոշում է կայացրել դադարեցնել խաղը։
Այս պահին I խմբի առաջատարներն են Դանիայի և Ալբանիայի հավաքականները, ովքեր 3֊ական խաղից հետո հավաքել են 4-ական միավոր, 2 խաղից հետո 3 միավոր ունի Պորտուգալիան, 2 խաղից հետո մեկական միավոր են վաստակել Սերբիան ու Հայաստանը։