Գլխավոր / Տեսանյութեր / Իրավապաշտպանին դուր չեն եկել ադրբեջանցիների փակած աչքերը միայն

Իրավապաշտպանին դուր չեն եկել ադրբեջանցիների փակած աչքերը միայն

Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի գործով դատավարությունն ընթանում է «տեղը տեղին, օրենքի բոլոր նորմերին համապատասխան»։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը դատավարության մասին այս կարծիքն է հայտնել «Ընդդեմ իրավական կամակայանությունների» ՀԿ֊ի նախագահ, նախկին պատգամավոր, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։ Իր կազմակերպությունը միակ իրավապաշտպանական կառույցն է Հայաստանում, որ ճչանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է գործի դատավարության առաջին երկու նիստերին։ Դատավարությանը չեն մասնակցել միջազգային դիտորդներ կամ այլ իրավապաշտպաններ։

«Կարմիր խաչ կազմակերպության միջոցով ԼՂՀ իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ընդունել այլ՝ երրորդ երկրից փաստաբանի կամ դիտորդի։ Սակայն նման ցանկություն չի եղել», ֊ ասել է Ալավերդյանը։

Իրավապաշտպանը հորդորել է լրագրողներին զերծ մնալ գրելուց, թե Լեռնային Ղարաբաղում նիստերը անօրինական են, քանի որ երկրի չճանաչված լինելը միայն, ըստ Ալավերդյանի, բավարար չէ նման հայտարարությունների համար։ Բանախոսն ասել է, որ ԼՂՀ օրենսդրությունը նման է ՀՀ֊ի օրենսդրությանը, որը համապատասխանում է միջազգային ամենաբարձր ստանդարտներին։

Ալավերդյանը դատավարության խախտում է համարել ամբաստանյալների դատարան աչքերը կապած վիճակով բերելը, իսկ, օրինակ, ադրբեջանցի ամբաստանյալներին թարգմանիչ չտրամադրելը իրավապաշտպանը չի համարել մեծ խախտում, քանի որ ամբաստանյալները տիրապետում են ռուսերենին։

Ալավերդյանն ասել է, որ և՛ դատական նիստի ընթացքում, և՛ հետո հանդիպելով ամբաստանյալներին՝ ինքը տպավորություն է ստացել, որ նրանց վրա որևէ ճնշում չի գործադրվում։

«Հավատացեք մեր կազմակերպության 24 տարվա փորձին»,֊ ասել է Ալավերդյանը։

Այն հարցին, թե ինչպես է կողմը, հետագա վճռից դժգոհ լինելու դեպքում դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Ալավերդյանը նախ ասել է, որ Ադրբեջանն է այդ ուղին փակել, իսկ հետո ավելացրել, որ Եվրամիությունը «անգրագիտություն է դրսևորում չճանաչելով ԼՂՀ մարմինների լեգիտիմությունը, ինչը կապ չունի երկրի չճանաչվածության հետ»։

Tekali Taxi