Home / Հայաստան / Ստեփանակերտում ադրբեջանցիները Ցականյանի սպանության մեջ իրենց մեղավոր չեն ճանաչել․ «Ազատություն»

Ստեփանակերտում ադրբեջանցիները Ցականյանի սպանության մեջ իրենց մեղավոր չեն ճանաչել․ «Ազատություն»

Ստեփանակերտում երեկ մեկնարկել է Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի (լուսանկարում՝ ձախից) գործով դատական նիստը։ Սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի քաղաքացիները դատարանի առջև են կանգնում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։

Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է, որ Գուլիևն ու Ասքերովը, ինչպես նաև հուլիսին սպանված Հասան Հասանովը դիվերսանտներ են, մինչդեռ պաշտոնական Բաքուն պնդում է, որ ձերբակալվածները և սպանվածը երկրի Զինված ուժերի հետ որևէ առնչություն չունեն։ Հայկական կողմը հրաժարվում է ձերբակալվածներին ռազմագերու կարգավիճակ տրամադրել։ Լեռնային Ղարաբաղի դատախազությունը նրանց մեղադրում է մի շարք հոդվածներով, մասնավորապես լրտեսության և 17-ամյա քելբաջարցի Սմբատ Ցականյանի և զինված ուժերի սպա Սարգիս Աբրահամյանի սպանությունների, ինչպես նաև Քելբաջարի մեկ այլ բնակիչ Կարինե Դավթյանին ծանր վիրավորելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, դատական նիստի մեկնարկին նախագահող Անատոլի Թադևոսյանը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է ամբաստանյալների առողջությունը։ 54-ամյա Դիլհամ Ասքերովն ասել է, որ առողջական խնդիրներ ունի՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։

Ադրբեջանցիների ցուցմունքների համաձայն, Ասքերովն ու Գուլիևը ծանոթացել են 1992 թվականին՝ Լաչինում, 1990-ական թվականների վերջին Գուլիևը Ռուսաստան է մեկնել, որտեղ, իր խոսքով, վեց տարի անցկացրել է բանտում՝ գողության համար։ Տարիներ անց Գուլիևը վերսկսել է շփումը հայրենակցի հետ՝ արդեն Բաքվում։ Ասքերովը նրան առաջարկել է Ղարաբաղ մեկնել։ Զենքը, ըստ Գուլիևի, Հասանովն էր բերել։ Նրանք, հայտնվելով Ղարաբաղում, օրերով գիշերել են բացօթյա տարածքներում։

«Ազատությունը» նշում է, որ ոուսերենի ոչ բավարար իմացության պատճառով Գուլիևի խոսքից չի հասկացվել, թե ինչպես է տեղի ունեցել 17-ամյա Ցականյանի առևանգումը. նա ասել է՝ ո՛չ առևանգմանն է մասնակցել, ո՛չ էլ սպանությունից է տեղյակ:

«Շրջվել եմ կրակոցի ձայնից և տեսել, որ տղան ընկել է ճանապարհի մեջտեղում՝ անշարժ»,- նշել է Գուլիևը։

Վերջինս նաև մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են ցուլ, զինվորական հագուստ, ինչ-որ փաստաթղթեր գողացել, «ինչ-որ նկարահանումներ արել»։

Դիլհամ Ասքերովն իրեն մեղավոր չի ճանաչել ոչ միայն Սմբատ Ցականյանի սպանության, այլ նաև սահմանը հատելու մեջ։ Նա, սակայն, խոստովանել է, որ գողացել է Սմբատ Ցականյանի մոտ եղած գումարը։

«Ազատություն» ռադիոկայանը հիշեցնում է, որ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ղարաբաղի իշխանությունները որևէ իրավական հիմք չունեն քրեական գործ հարուցելու Ադրբեջանի քաղաքացիների դեմ, և որ Լեռնային Ղարաբաղի դատարանի որոշումը որևէ իրավական ուժ չի ունենա։

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը երեկ հայտարարել է, որ մեկ շաբաթ առաջ պաշտոնական Բաքուն դիմել է միջազգային մի շարք կազմակերպություններ՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհուրդ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտե՝ խնդրելով ջանքեր գործադրել ադրբեջանցի գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Հասանովի փոխանցմամբ, սակայն, որևէ արձագանք մինչ այս պահը չկա։ Պաշտոնական Ստեփանակերտը հիշեցնում է, որ ձերբակալված ադրբեջանցիները կասկածվում են ծանր հանցագործությունների մեջ, և դատարանը պետք է համարժեք գնահատական տա նրանց արարքներին։ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ արտաքին միջամտություն այս գործում բացառվում է։

Tekali Taxi