Հանրային հնչեղության հարցերի շուրջ հայտարարություններ անելուց առաջ ամեն մարդ պետք է մի փոքր պատասխանատվություն զգա և մտածի, որ հարկ եղած դեպքում պետք է կարողանա ապացուցել իր ասածները։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրուցյում ասել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հոգևորական Կոմիտաս վարդապետ Հովնանյանի և «Միացյալ երիտասարդական լիգա» ՀԿ֊ի համանախագահ Սևակ Հովհաննիսյանի հայտարարություններին։
Հովնանյանը, մասնավորապես, մամուլի ասուլիսի ժանանակ հայտարարել էր, որ Հայաստանում կա շուրջ 210 կրոնական կազմակերպություն, որոնք արտասահմանից տարեկան ստանում են մոտավորապես կես միլիարդ դոլարի ֆինանսավորում և որոնց նպատակը պետության քայքայումն ու կազմալուծումն է:
«Եթե այդ հայտարարություններով վնասում են 1000-ավոր ՀՀ քաղաքացիների հեղինակությանը, թշնամական մթնոլորտ են ստեղծում նրանց դեմ, նրանց հարևանների, գործընկերների հետ շփումներն են բարդացնում, պետք է զգան այդ պատասխանատվությունը»,֊ ասել է Դանիելյանը։
Վերոնշյալ անձանց հայտարարությունների հարցով ՀԿ֊ի նախագահը փետրվարին դիմել էր ԱԱԾ: Նա խնդրել էր ստուգել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդած տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի կողմից մամուլի ասուլիսի ժամանակ արված ատելություն տարածող մի քանի հայտարարությունների իսկությունը։
Դանիելյանը պահանջել էր այս հայտարարությունները չհիմնավորվելու դեպքում քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրեսնգրքի 226-րդ հոդվածի հատկանիշներով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը):
ԱԱԾ գնդապետ Ա. Աղաջանյանը Դանիելյանի դիմումի պատասխան նամակում նշել է, որ գործի առթիվ Հովնանյանը հարցաքննվել է, բացատրություն է տվել, կատարվել է փորձաքննություն և այդ ամենի արդյունքում որոշվել է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Ըստ ԱԱԾ գնդապետի պատասխանի՝ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը բացատրել է, որ ««Քրիստոնեական միջազգային ընտանիք» աղանդի Հայաստան ներթափանցելու մասին իմացել է «Միացյալ երիտասարդական լիգա» ՀԿ համանախագահ Սևակ Հովհաննիսյանից, ով հայտնել է իրեն, որ Երևանի սրճարաններից մեկում պատահաբար հանդիպել է կողքի սեղանին նստած մի խումբ երիտասարդների, ովքեր զրուցել են «Քրիստոնեական ընտանիք» աղանդի մասին, որի ժամանակ մոտեցել է նրանց և հետաքրքրվել այդ աղանդի ՀՀ-ում ծավալած գործունեության մասին»:
Սևակ Հովհաննիսյանը ևս բացատրություն է տվել ԱԱԾ-ում ու ասել, որ ինքը սրճարանային զրույցից հետո նայել է լրատվական կայքեր և դրանցից է իմացել, որ քարոզչության համար կրոնական կազմակերպությունը ծախսում է 2 միլիոն դոլար և այդ թիվն է բազմապատկել կազմակերպությունների թվով՝ ստանալով մոտավոր այն թիվը, որը ներկայացվել է ասուլիսի ժամանակ:
Հովհաննիսյանը նշել է, որ համացանցում տեղեկատվություն է որոնել «Քրիստոնեական միջազգային ընտանիք» կազմակերպության մասին ու հոդվածներ է գտել, համաձայն որոնց «աղանդը քարոզում է ինցեստ, մանկապղծություն և համասեռամոլություն»։
Դանիելյանին ուղարկված գրության մեջ ԱԱԾ֊ի գնդապետը նշում է, որ ասուլիսի նյութերի հիման վրա անցկացված դատահոգեբանալինգվիստիկական փորձաքննությունը պարզել է, որ ««Քրիստոնեական միջազգային ընտանիք» և այլ աղանդների վերաբերյալ տեղեկատվությունը և դրա վերլուծությունը ասուլիսի ժամանակ կատարվում է Հայ Առաքելական Եկեղեցու և ազգային սկզբունքների տեսանկյունից: Հարկ է նշել նաև, որ ըստ տեսաձայնագրության վերլուծության, Կոմիտաս վարդապետ Հովնանյանը խոսում է ոգևորված տոնով՝ ընդգծելով իր մտահոգությունը այնպիսի իրողությունների տարածման վերաբերյալ, որոնք հարիր չեն հայ ազգային, կորոնական արժեքներին, առավելապես նշվում է, որ «կարևորը երևույթի բացահայտումն է», ինչը ևս փաստում է, որ մամլո ասուլիսն իր բովանդակությամբ տեղեկատվական է, զգուշացնող, հասցեատերը հասարակությունն է, իսկ հարցով մտահոգվածությունն արտահայտվում է նաև խոսքի հնչերանգում»:
Ստեփան Դանիելյանը նշել է, որ իրավաբանների դատին է թողնում այն, թե որքանով են Հովակիմյանի բացահայտումները և դատահոգեբանալինգվիստիկական փորձաքննության արդյունքները բավարար քրեական գործ հարուցելը մերժելու համար:
Նա միայն նկատել է, որ վերոնշյալ գործողություններ կատարելու համար ԱԱԾ-ին պարտադիր չէր իր դիմումը, դա պետք է արվեր, քանի որ ԱԱԾ֊ի պարտավորությունների շրջանակում է ապահովել քաղաքացիների անվտանգությունը:
«Եթե մեկը հայտարարում է, որ Երևանի այս ինչ շենքը պետք է պայթեցվի, ԱԱԾ-ն չպետք է սպասի գրավոր դիմումի»,- ասել է Դանիելյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ օրենքի համաձայն, հանցագործության մասին հաղորդում է համարվում նաև ԶԼՄ֊ի հրապարակումը, և դա միայն թղթի վրա ամրագրված փաստ չպետք է լինի:
«Ուշադիր պետք է արտահայտվեն հատկապես հասարակական գործիչները, եթե անպատասխանատու հայտարարությունների համար մի քանիսը պատժվեն, մյուսները մի քանի անգամ կմտածեն արտահայտվելուց առաջ»,- ասել է Դանիելյանը: