Գլխավոր / Հայաստան / ՀՔԾ֊ն ուսումնասիրում է՝ արդյոք բուհերում չարաշահումներ են եղել․ «Ժողովուրդ»

ՀՔԾ֊ն ուսումնասիրում է՝ արդյոք բուհերում չարաշահումներ են եղել․ «Ժողովուրդ»

Տասնյակից ավել բուհերի ռեկտորներ կասկածվում են չարաշահումներ թույլ տալու մեջ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: «Սև ցուցակում» են հայտնվել այնպիսի բուհեր, ինչպիսիք են Երևանի պետական համալսարանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը, Գավառի պետական համալսարանը։

Թերթի տեղեկություններով՝ չարաշահումների փաստի առթիվ դատախազության հրահանգով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր. 308 հոդվածի 1-ին մասի` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին։ «Ժողովուրդը» գրում է, որ բուհերի ռեկտորները դատախազությունից նամակ են ստացել, որով հարցում է արվում՝ արդյոք բուհը ավտոմեքենա է գնել։

Թերթը զրուցել է ռեկտորներից մի քանիսի հետ։ Մասնավորապես, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարել է, որ նման բան գոյություն չունի, և եթե քրգործ հարուցված լիներ, ինքն առաջինը կիմանար։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը նույնպես ընդգծել է, որ եթե իր նկատմամբ քրեական գործ հարուցված լիներ, ինքը կիմանար։ Նրա խոսքով՝ բուհը մեքենա է գնել նախորդ ռեկտոր Արմեն Մազմանյանի (մահացել է այս տարվա հունվարին) օրոք, սակայն գնումների ընթացակարգը չի պահպանվել ու կատարվածի համար սկսվել է քննություն։

«Մեզ կանչել են, քննել են, այլ բան չգիտենք», ֊ ասել է Մուրադյանը։

Գավառի պետհամալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հաստատել է մեքենա գնելու վերաբերյալ դատախազությունից ստացված հարցման փաստը, սակայն նշել է, որ իրենք պետական բյուջեից գումար չի ստանում և բուհը մեքենան գնել է սեփական միջոցներից։

Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը անձամբ է գնացել Հատուկ քննչական ծառայությունը բացատրություն տալու։ Նա պնդել է, որ յուրաքանչյուր գնված մեքենայի համար կա կառավարության որոշում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում