Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով մեկ տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Պետրոսյանն այսօր ազատ է արձակվել։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Արա Զաքարյանը: Շանթ Հարությունյանը և նրա ընկերները մեղավոր էին ճանաչվել 2013 թվականի նոյեմբերի 5-ին ակցիա անցկացնելու ընթացքում խուլիգանություն անելու մեջ: Ալբերտ Մարգարյանը և Վահե Մկրտչյանը նաև մեղավոր են ճանաչվել խուլիգանությունը կանխել փորձող քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:
Հոկտեմբերի 17-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը վճռել էր Շանթ Հարությունյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման, Վահե Մկրտչյանին՝ 7 տարվա, Ալբերտ Մարգարյանին՝ 6 տարվա, Ավետիս Ավետիսյանին՝ 5 տարվա, Վարդան Վարդանյանին՝ 5 տարվա, Լիպարիտ Պողոսյանին՝ 5 տարվա, Հայկ Հարությունյանին՝ 4,5 տարվա, Ալեք Պողոսյանին՝ 4 տարվա, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 4 տարվա, Արմեն Հովհաննիսյանին՝ 2 տարվա, Սևակ Մնացականյանին՝ 1,5 տարվա, Տիգրան Պետրոսյանին՝ 1 տարվա։
Միսակ Առաքելյանի նկատմամբ կիրառվել էր տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։ Շանթ Հարությունյանի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը, դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման։ Դատարանը վճռել էր պատիժը պայմանականորեն չկիրառել։
Լուսանկարը՝ «Ազատություն քաղբանտարկյալ Տիգրան Պետրոսյանին» ֆեյսբուքյան էջից