Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղի մոտ 500 բնակիչներ այսօր փակել են Գյումրի տանող ճանապարհը՝ պահանջելով հանդիպում վարչապետի կամ նրա աշխատակազմից որևէ մեկի հետ: Այս մասին Epress.am-ին հայտնել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ Միսաք Թորոսյանը:
Բողոքի պատճառը գյուղում խմելու ջրի բացակայությունն է:
«Սովետի վերանալուց ի վեր մենք ջուր չունենք, երկիրը քանդվեց, ջրերը կտրեցին էլի: Մենք խմում ենք առվի ջուրը, լիքը մանրէներով»,- ասել է Թորոսյանը:
Եղնիկի անկուսակցական գյուղապետ Աշոտ Առաքելյանը Epress.am-ին ասել է, որ բողոքի ակցիան ինքը չի կազմակերպել, սակայն գյուղացիները նրան համոզել են մասնակցել: Առաքելյանի խոսքով՝ մոտ 2 ժամ ճանապարհը փակելուց հետո գյուղացիների հետ հանդիպելու է եկել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Այս պահին գյուղացիներն իրենց պահանջներն են ներկայացնում Սահակյանին: