Առաջիկա մեկ ամսվա ընթացքում «Որոտանի ՀԷԿ»-երի համալիրի վաճառքի շուրջ բանակցությունները կավարտվեն, և գնորդի հետ պայմանագիրը կկնքվի: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նա ասել է, որ այժմ բանակցություններն ընթանում են տարիֆային քաղաքականությունը որոշելու շուրջ:
«Հենց ամեն ինչ ավարտվի, մենք ձեզ մանրամասն կպատմենք»,- ասել է Զախարյանը:
Այս տարվա հունվարի 29-ին Երևանում ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության և ՀՀ կառավարության միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի, ամերիկյան ընկերությունը 120 մլն դոլար էր վճարելու Որոտանի հիդրոկասկադի համար և ևս 70 միլիոն դոլարի ներդրում պետք է աներ:
Հիշեցնենք, որ ոչ իշխանական 4 ուժերի կողմից իշխանություններին ներկայացված 12 պահանջներից մեկն էր բացառել «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ընկերության գույքի վաճառքը առանց Ազգային ժողովի հավանության:
Ավելի վաղ Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պնդել էր, թե «Որոտանը» վաճառվել է ակնհայտ ցածր գնով։
«Կոռուպցիոն ճանապարհով տեղի է ունեցել ազգային հարստության խայտառակ մասշտաբների կողոպուտ, ինչը ծանր քրեական հանցագործություն է: Երկրորդը, ըստ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրության՝ ջրամբարները մասնավորեցման ենթակա չեն: Խախտվել են նաև այդ օրենքները: Երրորդը, կառավարությունը փորձել է շրջանցել ԱԺ-ն: Վաճառքի ծրագիրը պետք է ներկայացվեր ԱԺ-ի քննությանը: Այն նախ ներկայացված էր մասնավորեցման ծրագրերում, հետագայում հանվել է»,- ասել է Մանուկյանը: