հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Մեր համայնքում 10 հոգուց 8-9-ը հիվանդ են»․ գյուղացիները՝ պոչամբարի վնատգների մասին․ ԷկոԼուր

«Մեր համայնքում 10 հոգուց 8-9-ը հիվանդ են»․ գյուղացիները՝ պոչամբարի վնատգների մասին․ ԷկոԼուր

ՀՀ Սյունիքի մարզում գտնվող Գեղանուշի պոչամբարն ամեն տարի գրավում է 10 հա նոր տարածքներ, գրում է «ԷկոԼուր» ՀԿ֊ն՝ նշելով, որ դրանք հիմնականում Գեղանուշ համայնքի վարչական տարածքներն են: Ըստ գեղանուշցիների՝ գյուղապետարանի և պոչամբարը շահագործող «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության միջև պետք է կնքվի նոր պայմանագիր պոչամբարի տարածքը մեծացնելու համար:

Կայքը նշում է, որ Գեղանուշի պոչամբար տարեկան լցվում են ընդհանուր քանակությամբ /պինդ/ 568 հազար 624 տոննա պոչեր, և, բնակիչների խոսքով, պոչամբարի տարածքն ուղղահայց դեռ 15 մետր պետք է բարձրանա:

Մինչ 2011թ. «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգրքի ընդունումից հետո Գեղանուշի պոչամբարը համարվում է առաջին դասի վտանգավորության պոչամբար: Սակայն այս օրենսգրքով պոչամբարները դիտարկվում են ոչ թե որպես վտանգավոր թափոններ, այլ որպես տեխնածին հանքավայրեր, և ոչ ոք պարտավոր չէ փոխհատուցել բնակիչներին այն վնասը, որը նրանք կրում են՝ գտնվելով պոչամբարի ազդեցության տակ:

«Մեր համայնքում 10 հոգուց 8-9-ը հիվանդ են… Մեր միսը, կարտոֆիլը, կանաչին չեն առնում շուկայում…Մենք սկզբից էլ դեմ ենք եղել այս պոչամբարի վերակառուցմանը…ամիսներով ծանր տեխնիկան կանգնացրել ենք, բայց ինչ օգուտ…», – գյուղացիների խոսքերն է փոխանցում «ԷկոԼուրը»։

Գեղանուշի գյուղապետարանում, սակայն, սփոփվում են նրանով, որ «Դանդի փրիշս մեթալս Կապան»-ը տարեկան 3 միլիոն դրամ փոխանցում է 21 հա հողի վարձակալության համար: Բացի դրանից, վերջին երեք տարիներին ընկերությունը 10 միլիոն դրամի ծրագրեր է իրականացնում գյուղում:

«Անցյալ տարի մեր ակումբի շենքի տանիքը փոխել է: Այս տարի էլ ներսը ամբողջությամբ վերանորոգել է: Գյուղի դպրոցի համար բեմ է կառուցել՝ մոտ 1 միլիոն 200 հազար դրամի: Նախանցած տարի էլ 10 միլիոն տվել է գյուղի ճանապարհը վերանորոգելու համար», – «ԷկոԼուրին» ասել են Գեղանուշի գյուղապետարանում: 

Լուսանկարը՝ ԷկոԼուր-ի