Առողջական խնդիրներ ունեցող Հովհաննես Կաթրջյանը մի քանի տարի է՝ պայքարում է իր խախտված իրավունքների վերականգման և կրած վնասների դիմաց փոխհատուցում ստանալու համար, ինչի հետ կապված դիմել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ։ Գրասենյակի կայքը գրում է, որ Կաթրջյանը 1985թ. սկսած ապրում է սրտի խթանիչ սարքով: 2004թ. և 2008թ. նա վիրահատվել է «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական» կենտրոնում, որի տնօրեն և վիրաբույժ Սմբատ Ջամալյանն առաջին անգամ տեղադրել է մեկ անգամ օգտագործված՝ ԱՄՆ-ում մահացած անձի սրտի սարք, իսկ երկրորդ դեպքում, չնայած այն հանգամանքին, որ վճարվել էր 10 տարի գործարանային երաշխիքային ծառայության ժամկետով սարքի դիմաց, տեղադրվել է 6 տարի գործողության ժամկետով սարք:
Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հարուցված գործի շրջանակներում բժշկին մեղադրանք չի առաջադրվել, քանի որ նա մինչ օրս գտնվում է հետախուզման մեջ: Այժմ գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու համար նշանակված է լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որը դեռևս չի ավարտվել:
Թեև Կաթրջյանը քրեական գործով ճանաչվել է տուժող, նրան փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը չեն ծանոթացրել՝ զրկելով իր հարցերն առաջադրելու և փորձաքննությանը մասնակցելու իրավունքից:
Կաթրջյանն իր իրավունքների պաշտպանության նպատակով քաղաքացիական հայց է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը բավարարել է հայցը և վճռել «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական» կենտրոնից հօգուտ Կաթրջյանի բռնագանձել 6.370.000 դրամ գումար: Դատական ակտը, սակայն, չի կատարվել, քանի որ պարզվել է, որ կենտրոնը չունի սեփականության իրավունքով գրանցված գույք և դրամական միջոցներ: Այդպիսով, կատարողական վարույթն ավարտվել է այն դեպքում, երբ կենտրոնը շարունակում է գործունեություն ծավալել տարբեր բժշկական կենտրոնների տարածքում: Այժմ Կաթրջյանը պայքարում է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը վերացնելու ուղղությամբ:
«Արձանագրում ենք, որ Կաթրջյանի գործն այն օրինակներից է, երբ անձն, օգտվելով օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր իրավական մեխանիզմներից, փորձում է պայքարել իր խախտված իրավունքների վերականգնման համար, սակայն նույնիսկ արդարադատությունն է անզոր դառնում ուժի ու հանցավորության դեմ պայքարում, և դատարանի որոշումը շարունակում է կրել «պարտադիր լինելու» ձևական պիտակը միայն թղթի վրա», ֊ գրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքը։