Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է ճանաչել Էջմիածնի քաղաքացի Աշոտ Խուդոյանի իրավունքը երկու բնակելի տների և հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով։ Այս մասին Epress.am֊ին հայտնել է Աշոտ Խուդոյանի կինը՝ Հեղինե Մակարյանը, ով իր ամուսնու հետ վերջին 2 տարվա ընթացքում մի քանի նստացույց է անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելով իրենց տան գործով արդար դատավարություն անցկացնել։
Դատավորը ապացուցված է համարել այն փաստը, որ Աշոտ Խուդոյանը վերջին 10 տարվա ընթացքում բնակվել է Էջմիածին քաղաքի Շահումյան 27 հասցեում գտնվող տանը և գույքն օգտագործել է որպես սեփականություն։ Մակարյանի խոսքով՝ վճիռն արդարացի է, քանի որ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում ունի, համաձայն որի եթե անձը 10 տարի անընդմեջ բնակվում է միևնույն տարածքում, ապա վաղեմության ուժով դատարանը ճանաչում է նրա սեփականության իրավունքը։ Միևնույն ժամանակ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է Խուդոյանների հայցը, որով ընտանիքը պահանջում էր վավեր ճանաչել Աշոտ Խուդոյանի պապու կտակը, համաձայն որի տունը նվիրաբերվում է նրան։ Հեղինե Մակարյանը նշել է, որ, այնուամենայնիվ, իրենց համար կարևոր էր, որպեսզի ճանաչվի իրենց սեփականության իրավունքը, ինչն էլ դատարանի կողմից արվել է։
Աշոտ Խուդոյանը նախագահի նստավայրի մոտ իր առաջին բողոքի ակցիան անցկացրել է 2013 թվականի հունվարի 29-ին։ Խուդոյանը պնդում է, որ իր քույրը՝ Մարիետա Քալաշյանը, կադաստրի աշխատակիցների օգնությամբ կեղծել են պապական կտակը, որով Էջմիածնում գտնվող տունն իրեն էր հանձնվում։ Քալաշյանի խոսքով՝ կեղծում չի եղել, և պապն օրենքով է տան մի հատվածն իրեն կտակել։
Խուդոյանը մի քանի անգամ հեռացել է ՀՀ նախագահի նստավայրից՝ հավատալով տարբեր չինովնիկների խոստումներին, թե իր հարցը լուծում կստանա, սակայն ամեն անգամ իրավիճակը չի փոխվել, և նա կրկին վերսկսել է նստացույցը։ 2013 թվականի նոյեմբերի 11-ին Աշոտ Խուդոյանը նախագահականի դիմացի մայթին անցկացվող նստացույցի ժամանակ կարել էր բերանը։ Դրանից մեկ օր անց ոստիկանները Խուդոյանին բռնի ուժով հեռացրել էին նախագահակն նստավայրի դիմացից՝ նստեցնելով շտապ օգնության մեքենա և տանելով հոգեբուժարան, որտեղից նույն օրը բաց էին թողել։ Խուդոյանը համաձայնել էր բերանի կարերը քանդել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպումից հետո։ Վերջինս արդար դատաքննություն էր խոստացել, սակայն նոյեմբերի վերջին Խուդոյանը կրկին վերադարձել է Բաղրամյան փողոց և վերսկսել նստացույցը՝ նշելով, որ Կոստանյանի հետ հանդիպումից հետո հարցը չի լուծվել։ Խուդոյանները նաև դատարան բողոք էին ներկայացրել ոստիկանների գործողությունների դեմ՝ պահանջելով քրգործ հարուցել։ Հայցը մերժվել էր այս տարվա հուլիսին։
Դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը, Խուդոյանների ընտանիքի կրկին հեռացրել են ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթից։ Ընտանիքը հետագայում ևս մեկ նստացույց է արել այս տարվա հունվարին։