ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) հերթական նիստի ժամանակ ՀՀ Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը բարկացել է հանձնաժողովի անդամներից մեկի վրա՝ ձեռնպահ քվեարկելու համար:
«Էդ ինչի՞ եք ձեռնպահ քվեարկում, կգաք նախարարի մոտ՝ կբացատրեք»,- Առողջապահության պետական տեսչության պետի տեղակալ Գոհար Փանաջյանին ասել է Պողոսյանը:
Քվեարկվող հարցը վերաբերում էր ՄՀՀ կազմը փոփոխելուն: Նկատողություն ստանալուց հետո Փանաջյանը փորձել է բացատրել. «Ես կողմ չեմ քվեարկել, հիմա ձեռնպահ եմ քվեարկում»: Փոխնախարարը, սակայն, շարունակում էր բացատրություն պահանջել, որից հետո միջամտել է հանձնաժողովի անդամ, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» կազմակերպության նախագահ Մամիկոն Հովսեփյանը:
«Այս հանձնաժողովում ամեն անդամ ունի ձայնի իրավունք: Իր իրավունքն է քվեարկել այնպես, ինչպես ուզում է»,- ասել է Մամիկոն Հովսեփյանը:
Նշենք, որ քննարկվող հարցին անցնելուց առաջ Փանաջյանը խնդրել էր ՄՀՀ կազմից չհանել իրենց կառույցը՝ Առողջապահության պետական տեսչությունը։ «Վահան Ռաֆայելովիչ, ես կարծում եմ, որ Առողջապահության պետական տեսչությունը պետք է մնա, քանի որ մենք ենք հանդիսանում իրավահաջորդը իրականացվող ծրագրերի»,- դիմել է նա փոխնախարարին։ Վերջինս, սակայն, ասել է, որ Տեսչության՝ ՄՀՀ կազմից հեռացվելու հարցը որոշել է նախարարը:
Նշենք, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մալարիայի դեմ պայքարի «Գլոբալ» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի համար պարտադիր է, որպեսզի երկիրն ունենա հանձնաժողով: Ընդ որում՝ «Գլոբալ» հիմնադրամը այդ հանձնաժողովի կազմի և գործունեության ձևի մասին ևս պահանջներ ունի, մասնավորապես, այն, որ դրանում ներգրավվեն ոչ միայն պետական, այլև հանրային կառույցներ՝ տեղական և միջազգային, և որ որոշումներն ընդունվեն անդամների մեծամասնության քվեարկությամբ՝ առանց ճնշումների:
Լուսանկարը՝ Armenpress.com