հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Առողջ» զինվորականությունը քննարկեց հասարակության «արատները»

«Առողջ» զինվորականությունը քննարկեց հասարակության «արատները»

Աղդամի շրջանում երեք օդաչուների կորստի ֆոնին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բանակի ղեկավարությունը, ինչպես նաև իրենց հետ համագործակցող հասարարական մի շարք կազմակերպությունների ղեկավարները հավաքվել են Երևանում, որպեսզի քննարկեն հասարակության «արատավոր բարքերը» և ծրագրեն դրանց դեմ պայքարի ռազմավարությունը։

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր «զինված ուժերում արատավոր բարքերի դեմ պայքարի, ազգային բանակի ավանդույթների զարգացման և հայրենասիրության արժեքի դաստիարակության խնդիրների քննարկմանը»: Այս մասին ասված է գերատեսչության տարածած մամլո հաղորդագրության մեջ, որում, բացի «քայքայիչ աղանդներ» արտահայտությունից, «բարոյահոգեբանական» թշնամու մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նախարար Սեյրան Օհանյանի ելույթից պարզ դարձավ, որ արդեն 2014 թվականի ընթացքում հայաստանյան հասարակությունը կարող էր իր վրա զգալ «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը: Մեր ամրոցում` մեր օրենքներով կամ միասնական պայքար արատավոր բարքերի դեմ» նշաբանի տակ անցկացվող բազմաթիվ միջոցառումների արդյունքները։ Վերջիններս ռազմական գերատեսչության ղեկավարը «դրական» է անվանել։

Անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանի զեկույցը կրում էր «Զինված ուժերում ազգային բանակի ավանդույթների զարգացման և հայրենասիրության արժեքի դաստիարակության գործընթացը» անվանումը։ Գեներալը ևս խոսեց «իրականացված տարաբնույթ ծրագրերի, միջոցառումների ու 2015թ. աշխատանքային հիմնական ուղղությունների» մասին, սակայն դրանց մանրամասները նույնպես տեղ չգտան մամլո հաղորդագորւթյան մեջ։

Ըստ Ալեքսանյանի՝ բանակի մարտունակությունը կարելի է բարձրացնել՝ հոգեպես ու գիտակցորեն շաղկապելով հայ զինվորականությունը հասարակության տարբեր շերտերին։ Նման բաղադրատոմսը, գեներալի համոզմամբ, թույլ կտա բարոյական արժեքներով զինվոր ձևավորել։

Այնուհետև խոսեց Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, որի զեկույցի թեման էր «Բանակի և քաղաքացիական ուսումնական հաստատությունների համագործակցության միջոցով արատավոր բարքերի դեմ պայքարի ընթացքը»: Նա ընդհանուր առմամբ գոհ էր «զինվորական կոլեկտիվներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորման, արատավոր երևույթների, քայքայիչ աղանդների գործունեության կանխարգելման ուղղությամբ» 2014-ին ձեռնարկված միջոցներից։ Միևնույն ժամանակ Ավետիսյանը ասաց, որ «խնդիրը շարունակում է մնալ հրատապ, և դրա հաղթահարումը առավել քան հետևողական ջանջեր է պահանջում»:

Նմանատիպ թեմաներով Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և այլ պաշտոնյաների ելույթներից հետո Սեյրան Օհանյանը տվեց մի շարք հանձնարարականներ, որոնց մանրամասները ևս տեղ չգտան մամլո հաղորդակցությունում։