Home / Տեսանյութեր / 3 ստորագրություն՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագծի տակ․ ամեն դեպքում այն շրջանառության մեջ կմնա

3 ստորագրություն՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագծի տակ․ ամեն դեպքում այն շրջանառության մեջ կմնա

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» ԱԺ որոշման նախագծի տակ 3 պատգամավոր է ստորագրել՝ Փաշինյանը և «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանն ու Ալեքսանդր Արզումանյանը։ Չնայած դրան, նախագիծը մնալու է շրջանառության մեջ և սահմանված կարգով ուղարկվելու է մշտական հանձնաժողովներից մեկի քննարկմանը, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ ոչ իշխանական եռյակի մաս կազմող «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հայտարարել էին, որ իրենց ներկայացուցիչներն ԱԺ֊ում չեն միանալու Փաշինյանի նախաձեռնությանը։ ՀԱԿ֊ի փորձագետ և մամուլի հետ կապերի պատասխանատու Արմեն Խաչատրյանի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ եռյակի կողմից նախաձեռնած Համաժողովրդական շարժման գործընթացները դեռ չեն բերել Ազգային ժողովում քաղաքական ուժերի բալանսի արմատական փոփոխության ու «պաշտոնանկության գործընթացի նախաձեռնումը դատապարտված է անփառունակ տապալման և կարող է միայն ծառայել ժողովրդի հիասթափմանն ու ռեժիմի դիրքերի ամրապնդմանը»։

Հայտարարության մեջ ՀԱԿ֊ը տարակուսում է, թե ինչու է Փաշինյանը «դիմել քայլերի, որոնք կօգտագործվեն իշխանությունների կողմից ներքաղաքական պայքարում»։ Հայտարարության մեջ նշվում է նաև՝ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը համարում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության համար կան բոլոր անհրաժեշտ իրավա-քաղաքական հիմքերը, ընդ որում, տասնապատիկ ավելի ծանրակշիռ, քան պատգամավորի ներկայացրած նախագծում, և Համաժողովրդական շարժման ծավալմանը զուգընթաց պաշտոնանկության սահմանադրական գործիքը գործի կդրվի այն ժամանակ, երբ «նման գործընթացի նախաձեռնումը կնպաստի ռեժիմի կազմաքանդման գործին»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տարածած հայտարարության մեջ ընդգծել էր, որ «բոլոր ռացիոնալ հաշվարկները ցույց են տալիս, որ Փաշինյանի նախաձեռնության համար անհրաժեշտ՝ առաջին փուլում՝ 66, իսկ հետագայում՝ 88 ձայնը խորհրդարանում չի հավաքվելու: Տվյալ պարագայում այս նախաձեռնությունը ընդամենը կրելու է երաշխավորված մեկ քայլանոց պարտության բնույթ, որին իր մասնակցությունը ԲՀԿ-ն անիմաստ է համարում»:

Եռյակի ներկայացուցիչների մտահոգություններին անդրադառնալով՝ Փաշինյանը նշել է, որ նույն մարդիկ բազմիցս այնպիսի օրինագծերով են հանդես եկել, որոնք ի սկզբանե պետք է չանցնեին, սակայն դրանք քննարկվել են խորհրդարանում։ Փաշինյանը որպես օրինակ նշել է ՀԱԿ խմբակցության անդամների կողմից ներկայացված Մարտի 1-ի մասին օրինագիծը, որի ընդունումը տապալել էր իշխող ՀՀԿ֊ն։

Սերժ Սարգսյանի իմպիչմենտի մասին նախագծի հեղինակը նաև անդրադարձել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի՝ այսօր ԱԺ֊ում հնչեցրած հայտարարությանը։ Վերջինիս խոսքով՝ այն փաստը, որ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագծին կողմ են եղել ընդամենը 3 պատգամավոր, ցույց է տալիս, թե ինչպես են խորհրդարանում ներկայացված ուժերը գնահատում նախագահի վարած քաղաքականությունը։ Փաշինյանի խոսքով՝ ԱԺ պատգամավորները հնարավորություն ունեն հերքել Գեղամյանի խոսքերը։