«Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը կասկածի տակ չի դնում քննչական մարմնի պրոֆեսիոնալիզմը, սակայն վստահ է, որ Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հարձակման ենթարկված Գևորգ Սաֆարյանի և հրկիզված 7 մեքենաների գործերը չեն բացահայտվելու։ Այս մասին նա ասել է այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Քաղաքացիական ակտիվիզմ և բռնություններ՝ իրավապահ մարմինների գործողությունների գնահատականը» քննարկմանը։
Հակոբյանը վստահ է, որ ոստիկանությունն ու քննչական մարմինը կարող է յուրաքանչյուր գործ բացահայտել, պարզապես հանրությունն այդ մասին չի տեղեկանում։
«Եթե թույլ տան, Քենեդու սպանությունն էլ կբացահայտեն մերոնք, պարզապես մենք կարող ենք այդ մասին չիմանալ», ֊ ասել է «Նախարհրդարանի» անդամը։
Քննարկման մասնակից, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի իրավաբան Տիգրան Եգորյանը նշել է, որ միտում կա ցանկացած տեսակի քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող քաղաքացիներին լռեցնել ու ահաբեկել։ Նրա խոսքով՝ երբեմն դրա համար կիրառվում են հենց ոստիկանական ուժերը, երբեմն էլ գործի են դրվում կրիմինալ էլեմենտները։
Նա ընդգծել է, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո Հայաստանում նկատվում է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող անձանց թվի աճ, տարբեր գործընթացներ քաղաքական և քաղաքացիական տիրույթներում, իսկ դրան զուգահեռ՝ այդ գործընթանցերը բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով զսպելու գործողություններ։
Եգորյանը հիշատակել է 2013թ․ ընթացքում բռնության ենթարկված Միհրան Մարգարյանի, Բաբկեն Տեր֊Գրիգորյանի, Արմեն Ալեքսանյանի, Կարեն Հարությունյանի, Հայկակ Արշամյանի և Սուրեն Սաղաթելյանի դեմ ոտնձգությունները, որոնց վրա անհայտ անձինք հարձակվել են գիշերային ժամերին, և մինչ օրս պետական մարմինների կողմից ոչինչ չի արվել։ Ըստ իրավաբանի՝ Գևորգ Սաֆարյանի և հրկիզված մեքենաների գործերը ևս դրա շարունակությունն են, քանի որ պետությունը որևէ կերպ չի արձագանքել, իսկ սկսված գործողությունները ձևական են։
Եգորյանը նշել է, որ այս իրավիճակում բոլոր ՀԿ֊ները, բոլոր քաղաքացիները, քաղաքական ուժերը, անկախ տարաձայնություններից, պետք է պահանջեն վերականգնել խախտված իրավունքները, բոլոր այն պաշտոնյաները, որոնք չեն կարողանում իրականացնել իրենց պարտականությունները, պետք է հրաժարական տան։ Ըստ իրավաբանի՝ խոսքը հիմնական 3 պաշտոնների մասին է՝ ոստիկանապետի (Վլադիմիր Գասպարյան), նորաստեղծ քննչական մարմնի ղեկավարի (Աղվան Հովսեփյան) և գլխավոր դատախազի (Գևորգ Կոստանյան)։
Քննարկման ևս մեկ մասնակից, «Բագին» գրասենյակի փաստաբան Երվանդ Վարոսյանը, անդրադառնալով ոստիկանների գործողություններին, նշել է, որ «մի բան էլ քաղաքացուն են մեղադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար»։
«Ես ձեզ հավաստիացնում եմ՝ այս դեպքերը չեն բացահայտելու կամ ցույց են տալու, թե բացահայտել են։ Երբ պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնի, ի հայտ են գալու որոշակի մարմնակազմությամբ տղաներ ու հայտնելու են, թե իրենք են արել, և քանի որ վաղեմության ժամկետն անցել է, նրանք պատասխանատվության չեն ենթարկվելու», ֊ ասել է Վարոսյանը։
Նա նշել է, որ կան բաներ, որոնք թույլատրելի են․ «Էսքանը կարելի է՝ սրանից ավելի՝ չէ։ Կարող ես բողոքել վատ աղբահանության համար, դա թույլատրելի է, բայց եթե անուններ ես տալիս, պատժվում ես»։
Վարոսյանի խոսքով՝ 2 օր է՝ համացանցը և հեռուստաընկերությունները տեսանյութ են ցույց տալիս, թե ինչպես է մի երիտասարդ «Բենթլի» այրում։
«Բա էս մեքենաները այրելու տեսանյութերն ո՞ւր են։ Գևորգի վրա հարձակվելու խաչմերուկը տեսահանվում է, բա ո՞ւր են այդ տեսանյութերը։ Սա ցույց է տալիս, թե ինչ նպատակներ ունեն իրավապահները», ֊ եզրափակել է փաստաբանը։
Նշենք, որ, «Մեդիա կենտրոնի» փոխանցմամբ, ոստիկանությունից քննարկմանը մասնակցել հրաժարվել են։
Լուսանկարում՝ ակտիվիստ Կարեն Հարությունյանի հրկիզված ավտոմեքենան