հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Աֆրիկյանների ակումբը՝ լակմուսային թուղթ ակտիվիզմի համար

Աֆրիկյանների ակումբը՝ լակմուսային թուղթ ակտիվիզմի համար

Վերջին ամսվա ընթացքում Երևանում ընթանում են 19-րդ դարում կառուցված և 2004 թվականից պաշտոնապես հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված «Աֆրիկյանների ակումբի» շենքի ապամոնտաժումը։ Վերջին 10 տարվա ընթացքում հուշարձանը աստիճանաբար քանդվել է՝ բնակելի շենքից վերածվելով ավերակների՝ հազիվ պահպանված ճակատային մասով։

Հունիս-հուլիս ամիսներին «Աֆրիկյանների ակումբի» պաշտպանությամբ զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամներն ամեն կերպ փորձել են խանգարել ապամոնտաժման աշխատանքներին։ Այս պահին, սակայն, հուշարձանը գրեթե ամբողջությամբ ապամոնտաժված է։

Եթե դիտարկենք «Աֆրիկյանների ակումբը» ելնելով ոչ թե դրա պատմամշակութային արժեքի համատեքստից, այլ հասարական-քաղաքական տեսանկյունից, իսկ հուշարձանի պաշտպանության նախաձեռնությունը՝ ոչ թե որպես «խորհրդանշական ժեստ», այլ որպես քաղաքացիական անհնազանդության գործողություն, ապա դա յուրատեսակ լակմուսի թուղթ է, որը հստակ ցույց է տալիս պետական համակարգի անկարողությունը՝ մի կողմից, և քաղաքացիական դիմադրողականության մեխանիզմներինը՝ մյուս կողմից։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ վերջերս արված հայտարարությունը Եվրոպական կոնվենցիային ՀՀ օրենսդրության ոչ լիարժեք համապատասխանության մասին և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի՝ օրենքը փոխելու մասին նախաձեռնությունը համոզիչ չեն թվում։

Չնայած օրենքում իրոք նշված չեն հուշարձանների տեղափոխման համար անհրաժեշտ հիմքերը, օրենքի ոչ միանշանակ ընկալման մասին խոսք լինել չի կարող։ Օրենքի 46-րդ հոդվածում հստակ ասված է, որ ՀՀ օրենսդրության և միջազգային համաձայնագրի նորմերի հակասության դեպքում, կիրառվում են միջազգային համաձայնագրի կետերը (որոնց համաձայն շենքի տեղափոխումը հակաօրինական է)։

Ասվածի լույսի ներքո օմբուդսմենի հայտարարությունը, ինչպես նաև Արփինե Հովհաննիսյանի ելույթը իշխանությունների գործողություններն արդարացնելու և, հնարավոր է, իրավիճակով մտահոգված լինելու խաբուսիկություն ստեղծելու ոչ համոզիչ փորձեր են։ Խնդիրը, սակայն, ոչ միայն հուշարձանի ապամոտնաժման և հետագայում «ենթադրյալ» վերակառուցման մասին քաղաքապետարանի «հանցավոր» որոշման մեջ է, այլ որոշմանը նախորդող սեփականատիրոջ կամ սեփականատերերի՝ շարունակական բնույթ կրող հակաօրինական գործողությունների և իշխանության մարմինների անփույթ անգործության մեջ։

Շենքը բնակելիից, ինչպիսին էր այն հուշարձանի կարգավիճակ ձեռք բերելու պահին, հասցվել է ավերակների՝ հազիվ պահպանված ճակատային մասով։ Հարց է առաջանում՝ ո՞վ է մեղավոր։ Պետությունը չէր կատարում Սահմանադրությամբ ստանձնած պարտավորությունները, 10 տարի շարունակ օրենքը խախտվում էր սեփականատիրոջ, քաղաքապետարանի, մշակույթի նախարարության կողմից և դատախազության անգործությամբ։ Եվ այդ ամենը՝ Կառավարության և Ազգային ժողովի լուռ համաձայնությամբ։

Միևնույն ժամանակ, թե ԶԼՄ-ները, թե քաղաքացիական նախաձեռնությունները հիմնականում շեշտը դնում էին շենքի ճակատի պահպանման և դրա քանդման մասին որոշումը չեղյալ համարելու վրա՝ միաժամանակ ստվերելով ավելի խորը քաղաքական-իրավական հարցերը։ Մեծ հաշվով՝ ի՞նչ կփոխեր ճակատի պահպանումը։ Արդյո՞ք դա համարժեք չէ այն բանին, որ ռեցիդիվիստը հասարակական ճնշման ազդեցության տակ չի գնում հանցանքի՝ միևնույն ժամանակ մնալով անպատիժ նախկինում կատարած հանցանքի համար ու հնարավորություն ստանալով հետագայում հանգիստ նոր հանցանքներ կատարել։

Ինչևէ, մեր «ռեցիդիվիստն» անգամ այդ հանցանքից հետ չի կանգնել․ կա՛մ որովհետև «հասարակական ճնշումը» բավական ուժեղ չէր, կա՛մ որովհետև շեշտն այլ բանի վրա էր դրվում։ Մինչ շեշտը դրվում էր «սեփական հիշողությունը կերտելու», մշակութային ժառանգությունը պահպանելու և իշխանությունների՝ ակտիվիստների փոքր խմբի բողոքի հանդեպ անտարբերության վրա, շենքը վերանորոգելու, մեղավորների պատասխանատվության ենթարկելու և հուշարձանները հանրայնացնելու հարցերը ստվերում էին։

Ֆոտոսեսիաները, համերգները, պերֆորմանսները, քաղաքի կենտրոնում կարճ երթերը՝ որպես դիմադրության միջոցներ կարող են անցորդի մոտ հետաքրքրություն առաջացնել, բայց չհամոզել նրան պայքարի նպատակահարմարության մեջ, կարող են ապահովել նախաձեռնության մասնակիցների ժամանցը, բայց խնդրի լուծման չեն բերում։

Եթե նախկինում (օրինակ, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի կամ Մաշտոցի պուրակի պաշտպանության նախաձեռնությունների դեպքում) այդ մեթոդները հարաբերականորեն արդյունավետ էին, ապա այժմ դրանք չեն ազդում ոչ իշխանությունների, ոչ հասարակության վրա։ Գուցե, տեղին է եզրակացնել, որ իշխանությունների մարտավարության փոփոխության հետ մեկտեղ անհրաժեշտ է պայքարի մեթոդների փոփոխությունը։ Հակառակ դեպքում՝ քաղաքացիական հասարակությանը դժվար կլինի խուսափել հերթական հիաստափությունից։

Զարուհի Հարությունյան