Home / Վերլուծություն / Դիմադրության և քաղաքականության ՀԿ֊ացումը

Դիմադրության և քաղաքականության ՀԿ֊ացումը

ՀԿ֊ների մասին 2004 թվականին հնչեցրած ելույթի հեղինակն է հնդիկ գրող, հասարակական գործիչ, հրապարակախոս Արունդատի Ռոյը։

Զանգվածային շարժումներին սպառնացող վտանգներից է դիմադրության ՀԿ֊ացումը։ Հեշտ կլինի ասելիքս աղավաղել ու վերածել մեղադրանքի բոլոր ՀԿ֊ների դեմ, ինչը սուտ է։ Դրամաշնորհային գումարներ կորզելու կամ հարկերից խուսափելու նպատակով ստեղծված կեղծ ՀԿ֊ների պղտոր ջրերում, իհարկե, կան հասարակական կազմակերպություններ, որոնք արժեքավոր աշխատանք են կատարում։ Կարևոր է, սակայն, ՀԿ֊ների երևույթը քննարկել ավելի լայն քաղաքական համատեքստում։

Հնդկաստանում, օրինակ, ֆինանսավորվող ՀԿ֊ների ալիքն ի հայտ եկավ 1980֊ականների վերջին, 90֊ականների սկզբին։ Այդ ժամանակ Հնդկաստանի կառավարությունը, հետևելով կառուցվածքային փոփոխությունների պահանջներին, կրճատում էր գյուղական համայնքների զարգացման, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և առողջապահության ոլորտների ֆինանսավորումը։ Երբ պետությունը հրաժարվեց իր ավանդական դերից, այդ ոլորտներում սկսեցին աշխատել ՀԿ֊ները։ Տարբերությունը, իհարկե, այն է, որ նրանց հասանելի ֆինանսները պետության հանրային ծախսերի փոքրագույն մասն են կազմում։

Արունդատի Ռոյ

arundhatiroy1

 

Խոշոր դրամաշնորհներ ունեցող ՀԿ֊ների մեծ մասը ֆինանսավորվում ու հովանավորվում է օգնության ու զարգացման գործակալությունների կողմից, որոնք, իրենց հերթին, ֆինանասավորվում են արևմտյան երկրների կառավարությունների, Համաշխարհային բանկի, ՄԱԿ֊ի ու որոշ միջազգային կորպորացիաների կողմից։ Դրանք թեև նույն գործակալությունները չեն, սակայն պատկանում են միևնույն քաղաքական ճամբարը, որն էլ հենց վերահսկում է նեոլիբերալ նախագիծն ու պահանջում պետական ծախսերի կրճատում։

Ինչո՞ւ պետք է այս գործակալությունները ֆինանասավորեն ՀԿ֊ներին։ Հին ու բարի գաղափարական նվիրվածության պատճառո՞վ։ Մեղքի զգացումի՞։ Իրականում պատկերը մի փոքր այլ է։ ՀԿ֊ները տպավորություն են թողնում, թե լրացնում են նահանջող պետության կողմից ստեղծված վակուումը։ Այդպես էլ կա, բայց նյութապես աննշան ձևով։ Դրանց իրական ներդրումն այն է, որ դրանք մեղմում են քաղաքական զայրույթը և օգնության ու բարեգործության տեսքով մարդկանց նվիրաբերում այն, ինչ նրանց հասանելի է օրենքով։ Դրանք փոխում են հասարակության հոգեբանությունը։ Դրանք մարդկանց վերածում են կախյալ զոհերի ու բթացնում քաղաքական դիմադրության եզրերը։ ՀԿ֊ներն աշխատում են որպես բուֆեր իշխանության ու հասարակության միջև։ Կայսրության ու նրա ենթակաների միջև։ Դրանք դարձել են միջնորդներ, թարգմանիչներ, կարգավորիչներ։

Ի վերջո, ՀԿ֊ները հաշվետու են իրենց ֆինանասավորողներին, ոչ թե այն մարդկանց, ում շրջանում աշխատում են։ Բուսաբանները դրանց կանվանեին ցուցիչ տեսակ։ Թվում է՝ որքան ավելի մեծ է նեոլիբերալիզմի պատճառած ավերածությունը, այնքան ավելի ուժեղ է ՀԿ֊ների պոռթկումը։ Ոչինչ դա ավելի ցցուն չի ցուցադրում, քան ԱՄՆ֊ն, որը պատրաստվում է ներխուժել մի երկիր՝ միաժամանակ նախապատրաստելով ՀԿ֊ներին, որպեսզի գնան ու վերացնեն ավերածությունները։ Համոզվելու համար, որ իրենց ֆինանսավորումը վտանգի տակ չէ, ու որ երկրների կառավարությունները, որտեղ նրանք աշխատում են, իրենց թույլ կտան գործել, ՀԿ֊ները պետք է իրենց աշխատանքը ներկայացնեն մակերեսային շրջանակներում՝ զուրկ քաղաքական կամ պատմական համատեքստից։ Համենայնդեպս, անհարմար քաղաքական կամ պատմական համատեքստից։

Ապաքաղաքական (հետևաբար, ըստ էության, ծայրահեղ քաղաքական) զեկույցներն աղքատ երկրներից ու պատերազմական գոտիներից ի վերջո այդ (մուգ) երկրների (մուգ) մարդկանց ներկայացնում են պաթոլոգիկ զոհերի դերում։ Հերթական թերսնված հնդիկը, հերթական սոված եթովպացին, հերթական հյուծված սուդանցին․․․ունեն սպիտակամորթ մարդու օգնության կարիքը։ Դրանք անգիտակցաբար ամրապնդում են ռասիստական կարծրատիպերն ու վերահաստատում Արևմտյան քաղաքակրթության ձեռքբերումները, հոգատարությունն ու կարեկցանքը։ Դրանք ժամանակակից աշխարհի աշխարհիկ միսիոներներն են։

Ի վերջո, ՀԿ֊ներին հասանելի կապիտալն այլընտրանքային քաղաքականությունում նույն դերն է խաղում, ինչ աղքատ երկրների տնտեսություններում շրջանառվող սպեկուլյատիվ կապիտալը։ Այն սկսում է օրակարգ թելադրել։ Այն դիմակայությունը վերածում է բանակցության։ Այն ապաքաղաքականացնում է դիմադրությունը։ Այն միջամտում է տեղի ժողովուրդների շարժումներին, որոնք ավանդաբար եղել են ինքնավստահ։ ՀԿ֊ներն ունեն կապիտալ, որը կարող է աշխատանք տալ մարդկանց, որոնք, հակառակ դեպքում, կլինեին դիմադրության շարժումների ակտիվիստներ, փոխարենը նրանք այժմ կարծում են՝ ինչ֊որ անմիջական, ստեղծագործական աշխատանք են անում (ու, միևնույն ժամանակ, ապրուստ վաստակում)։

Իրական քաղաքական դիմադրության մեջ նման հեշտ ու կարճ ուղիներ չկան։ Քաղաքականության ՀԿ֊ացումը սպառնում է դիմադրությունը վերածել դաստիարակված, ողջամիտ, վարձու, 9֊ից 5֊ը աշխատանքի։ Որոշ առավելություններով։ Իսկ իրական դիմադրությունն իրական հետևանքներ ունի։ Ու չունի աշխատավարձ։