Գլխավոր / Հայաստան / Բելառուսը վերականգնել է մաքսային վերահսկողությունը Ռուսաստանի հետ սահմանին

Բելառուսը վերականգնել է մաքսային վերահսկողությունը Ռուսաստանի հետ սահմանին

Ռուսաստանի կողմից վերարտահանման մեղադրանքներից ու պաշտոնական Մոսկվայի հասցեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կտրուկ հայտարարություններից հետո՝ Բելառուսը Ռուսաստանի սահմանին վերականգնել է մաքսակետերը, որոնք վերացվել էին Մաքսային Միության ստեղծումից հետո, հաղորդում է rbc.ru կայքը։

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը հայտարարել է, որ բելառուսական կողմից իրենց աշխատանքն են վերսկսել ավտոտրանսպորտի մաքսային զննման կետերը: Մաքսային ստուգման են ենթարկվում ոչ միայն բեռնատար, այլև մարդատար մեքենաները, ինչի հետևանքով, ականատեսների խոսքերով, սահմանին խոշոր խցանումներ են առաջացել։

«Դաշնային մաքսային ծառայությունը հաստատում է, որ բելառուսական մաքսակետերն իրենց աշխատանքն են վերսկսել Ռուսաստանի հետ սահմանին։ Մեր կողմից մաքսային վերահսկում չի իրականացվում»,֊ հայտնել է ծառայության ներկայացուցիչ Ելենա Գրաչը։

Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի սահմաններին մաքսակետերը վերացվել էին 2011 թվականի հուլիսի 1֊ից՝ տվյալ երկրների կողմից Մաքսային միության ստեղծումից հետո։ Այն բանից հետո, երբ 2014 թվականի օգոստոսին Ռուսաստանն արգելեց սննդամթերքի ներմուծումը ԵՄ֊ից, ԱՄՆ֊ից ու երկրի դեմ պատժամիջոցներ սահմանած մի շարք այլ երկրներից, Մոսկվան Բելառուսին բազմիցս մեղադրել է արգելված ապրանքների վերարտահանման մեջ։

Նշենք, որ Ռուսաստանը և Բելառուսը 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրի տակ իրենց ստորագրություններն են դրել։ Միության գործունեության մեկնարկը նախատեսված է 2015 թվականի հունվարի 1-ին։ ԵՏՄ կազմի մեջ մտնելու մասին պայմանագիրը Հայաստանը ստորագրել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին։

Tekali Taxi