«Meydan TV» առցանց լրատվական ալիքը դեկտեմբերի 9֊ից դադարեցնում է իր գործունեությունն ու փակում գրասենյակը Բաքվում։ Այս մասին ասված է ալիքի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Պատճառը «Ադրբեջանում խոսքի և արտահայտվելու ազատության, անկախ ԶԼՄ֊ների նկատմամբ ճնշումներն են»։
«Meydan TV֊ն հայտարարում է, որ այս քայլին գնում է իր աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով»,֊ ասված է հաղորդագրության մեջ։
Contact.az կայքը նշում է, որ ալիքը բացվել է մեկ տարի առաջ՝ Եվրամիության կողմից ստեղծված Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։ Լրատվական ալիքի գլխամասային գրասենյակը գտնվում է Բեռլինում։ Հիմնադիրը նախկին քաղբանտարկյալ Էմին Միլլին է։ Ադրբեջանի իշխանությունները «Meydan TV»֊ին բազմիցս մեղադրել են երկրի մասին ստեր ու զրպարտություններ տարածելու մեջ։
Ադրբեջանում իրավապաշտպանների ու անկախ լրագրողների ձերբակալությունների շարքում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հադիջա Իսմայլովայի կալանավորումն էր։ Իսմայլովան նաև աշխատում էր «Meydan TV»֊ի համար։
Նրան մեղադրում են լրագրող Թուրալի Մուստաֆաևին ինքնասպանության հասցնելու մեջ։