Բանակում զոհված զինվորների ծնողներն այսօր հերթական բողոքի ակցիան են անցկացրել նախագահական նստավայրի մոտ: Epress.am-ի հետ զրույցում ծնողներն ասել են, որ իրենք արդեն չեն ակնկալում, որ Սերժ Սարգսյանը կիջնի և կհանդիպի իրենց, սակայն այսօրվա ակցիայով ցանկանում են ցույց տալ, որ հետևողական են և համաձայնել են սպասել՝ մինչև իրենց պաշտոնական նամակին պատասխան կտրվի:
Հիշեցնենք, որ շարունակական ակցիաներից հետո՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու պահանջը ծնողներն ուղարկել են նաև պաշտոնապես:
Նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանն ասել է, որ պաշտոնական նամակներին պատասխանը տրվում է առավելագույնը մեկ ամսվա ընթացքում:
«Մենք նամակը հանձնել ենք նոյեմբերի 27-ին, այսինքն՝ մեր վերջնաժամկետը դեկտեմբերի 27-ն է: Եթե մենք ստանանք պատասխան, որ նախագահը մեզ չի ցանկանում ընդունել, մենք կորոշենք մեր հետագա անելիքը»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է 2013 թվականին զոհված Արմեն Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը:
«Մենք գալու ենք, ոչ թե տներում նստած սպասելու ենք նամակին: Թող տեսնեն, որ ցուրտ, բուք, ամառ, Նոր տարի, մեզ համար կապ չունի: Մենք հետևողական ենք և չենք հանգստանա ՝ մինչև չբացահայտվեն մեր տղաների սպանության գործերը»,- ավելացրել է 2010 թվականին ԼՂՀ֊ում զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը: