Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է ահազանգել մի քաղաքացի ու հայտնել, որ օրերս Կապանի թիվ երրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աշխատասենյակում ծեծի է ենթարկվել, քանի որ մարզպետի հասցեին վատ է արտահայտվել։ Ականատեսների խոսքով՝ դպրոցի տնօրենը ձեռքը բռնած, կաղալով դուրս է եկել մարզպետի աշխատասենյակից։
«Ժողովուրդ»֊ը զրուցել է Լյուդվիգ Հարությունյանի հետ, սակայն վերջինս ասել է, թե առողջական խնդիր ունի և այդ պատճառով է ձեռքը բռնած մարզպետի սենյակից դուրս եկել․ «Ես մարզպետի հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ, ինչո՞ւ պետք է մարզպետի մասին վատը խոսեմ, որ ինձ ծեծեն»։
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն, իր հերթին, «Ժողովուրդ»֊ի հետ զրույցում ասել է, որ իր անվան հետ կապված այդ լուրերը շրջանառության մեջ դնող մարդիկ այդպիսով ցանկանում են իրենց գովազդել։ «Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ընդհանրապես տեղյակ չեմ, բայց որոշ մարդիկ ռեկլամի կարիք ունեն և փորձում են իմ անունը կապել իրենց հետ, որ ռեկլամ անեն։ Ամոթ է, ամոթ, չի կարելի, էլի։ Դուք այդ չարախոսներին ասեք՝ ի՞նչ եք ուզում այդ մարդուց»,֊ հորդորել է Սուրիկ Խաչատրյանը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ»֊ի այսօրվա համարում