ՀՀԿ-ն համաձայնել է դրամի արժեզրկման և գնաճի մասին արտահերթ ԱԺ նիստ գումարելու ոչ իշխանական ուժերի առաջարկին, սակայն այն պայմանով, որ դա լինի դռնփակ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Եթե մեր խնդիրն այն [հարցը] լուծելն է, ես առաջարկել եմ, որ առավել արդյունավետ միջոց կլինի փակ քննարկումը: Տեսախցիկների առկայությունը այդքան էլ արդյունավետ չի լինի»,-ասել է Շարմազանովը:
Ոչ իշխանական ուժերը դեմ են եղել դռնփակ նիստ անցկացնելու գաղափարին։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ եթե ՀՀԿ-ն ցանկանում է դռնփակ նիստ անել աժիոտաժ չստեղծելու համար , ապա հենց դռնփակ լինելու փաստը ավելի շատ աժիոտաժ կառաջացնի:
ՀՀԿ խմբակլցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ բաց նիստի դեպքում որոշ պատգամավորներ բարձրախոսերից կօգտվեն և ժողովրդին տագնապի մեջ կգցեն: Քվեարկության արդյունքում փակ նիստ անցկացնելու գաղափարին կողմ է քվեարկել 75 պատգամավոր, որից հետո նիստը մեկնարկել է: