Այսօր հայկական դրամը գերարժեզրկված է, և սպեկուլյացիոն իրավիճակի վերացումից հետո այն զգալիորեն կարժևորվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Նա դժվարացել է ասել, թե երբ կլինի արժևորումը՝ «գուցե մինչեւ Նոր տարի, ի՞նչ իմանանք»։
Ջավադյանը վստահեցրել է, որ ՀՀ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա, և հարկ եղած դեպքում ԿԲ֊ն կարող է ապահովել անհրաժեշտ չափով իրացվելիություն։ Ըստ ԿԲ նախագահի՝ իրենք չեն պատրաստվում բանկերի վրա հաշիվների և ավանդների սպասարկման սահմանափակումներ դնել։
«Բանկային համակարգը կայուն է, նրանք վճարունակ են և կարող են սպասարկել քաղաքացիների ավանդներն ու հաշիվները»,֊ հայտարարել է Ջավադյանը։
Նա նշել է, որ գնաճը վերահսկվում է գրագետ և հստակ ձևերով, գնային չարաշահումները նույնպես վերահսկվում են, իսկ «պղտոր ջրում ձուկ որսացողները» պատժվելու են: