16։00 Գազի թանկացման դեմ երթուղայինների վարորդների բողոքը քաղաքապետարանը քննարկելու է գծատերերի հետ: Այս մասին գործադուլի վայր ժամանած քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանն ասել է ակցիայի կազմակերպիչ վարորդներին: Մինչ դա Գևորգյանը խնդրել է վարորդներին, որ գոնե նրանց մի մասը վերադառնա մեքենաները վարելուն և ժողովուրդը չտուժի նրանց հայտարարած անժամկետ գործադուլից։
«Հասկացանք խնդիրը, 40 դրամով թանկացել է 190-ից դարձել է 230: Հիմա մենք պետք է ձեզ սպասարկող ղեկավարների հետ պետք է որոշենք, լուծում գտնենք: Էդ հարցը ձեր ղեկավարողը պետք է լուծի, ես կասեմ՝ ոնց կլուծի»,- ասել է Գևորգյանը:
«Էս երկրում ոչ ոք չպիտի աշխատի, որովհետև..» վարորդներից մեկի խոսքը ընդհատելով Գևորգյանը շարունակել է՝ «Էս երկիրը մեր երկիրն ա»:
«Հա, երկիրը մերն ա, բայց ոնցոր մենք էս երկրի բնակչները չենք»,- հակադարձել է մեկ այլ վարորդ:
14։00 Երևանյան մի քանի երթուղիների վարորդներ գործադուլ են հայտարարել՝ բողոքելով գազալցակայաններում գազի գների բարձրացման դեմ: Նրանք հավաքվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցու հարակից տարածքում և պնդում են, որ չեն սկսելու «քշել», քանի դեռ իրենց կորուստները փոխհատուցելու հարցը չի լուծվել։
Գործադուլի մասնակիցները պահանջել են հանդիպում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Մինչ վարչապետը չկա, գործադուլի տարածքում խցանում է առաջացել՝ մեծ թվով երթուղայինների կայանման պատճառով: Ակցիայի մասնակիցներն ասում են, որ գազի գները կամայականորեն են որոշվում և կապ չունեն ոչ դոլարի արժեվորման, ոչ որևէ այլ հանգամանքների հետ, քանի որ գազը թանկանում է միայն Երևանում, և ոչ՝ մարզերի լցակայաններում: Նրանց խոսքով՝ գազի գինը հասել է 230 դրամի:
Վարորդներն ընդգծել են, որ իրենք չեն ցանկանում՝ բարձրացվի տրանսպորտի սակագինը: «Մենք հասկանում ենք՝ ժողովուրդը մեղք է, 150 դրամ չի կարող տալ էս նեղ պայմաններում, սակայն ո՞վ պետք է մեր մասին մտածի»,- ասել է վարորդներից մեկը:
Epress.am-ի հետ զրույցում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասել է, որ գազալցակայաններում թանկացումների պատճառով քաղաքապետարանը չի բարձրացնելու տրանսպորտի սակագինը: «Այո, լսել ենք, որ թանկացում կա, բայց սակագինը բարձրացնելու հարցը քաղաքապետարանը չի քննարկել»,- ասել է Արեյանը: