Դրամի արժեզրկման և ապրանքների գների կտրուկ բարձրացման դեմ մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք մտահոգություն էին հայտնում, որ մեկ օրվա ընթացքում դրամի արժեզրկումը և դոլարի արժևորումը ցույց են տվել, որ Հայաստանը, ունենալով օլիգարխների կողմից մենաշնորհված տնտեսություն, չի կարող ապահովել իր քաղաքացիների սոցիալական իրավունքների իրագործումը:
Կառավարության շենքի դիմաց հավաքված մարդիկ ձևակերպել են մի շարք պահանջներ, այդ թվում՝ մինչև դեկտեմբերի 23-ը ձեռնարկել հրատապ միջոցառումներ առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչճգնաժամային մակարդակին բերելու համար։ Թե ինչ հրատապ միջոցառումներ պետք է կատարվեն, ակցիայի մասնակիցները չգիտեն:
«Դա արդեն մեր գործը չէ, եթե չեն կարող անել, թող հրաժարական տան», ֊ բացատրել է ակցիայի նախաձեռնողներից մեկը:
Ակցիայի մասնակիցները նաև հայտարարում էին, որ դոլարի արժևորումը շահարկել են օլիգարխ տնտեսվարողները և անհիմն բարձրացրել են նաև տեղական արտադրության ապրանքները: Այս թեմայի շուրջ խոսակցությունն ընդհատվել է, երբ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դուրս է եկել Կառավարության շենքից և լրագրողները վազել են նրա հետևից: Ալեքսանյանը չի պատասխանել որևէ հարցի, նստել է մեքենան և հեռացել:
Հավաքվածները պահանջել են նաև դադարեցնել Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը:
«Եթե դեռ ԵՏՄ չմտած մենք այսքան կախված ենք Ռուսաստանից, պատկերացրեք՝ ինչ կլինի ԵՏՄ մտնելուց հետո»,- կանխատեսել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Հավաքվածները նաև պահանջում էին վերահաշվարկել քաղաքացիների դոլարային վարկերը, արգելել Հայաստանից՝ Ռուսաստան և Ռուսաստանից՝ Հայաստան ռուբլու սպեկուլյատիվ ելքերն ու մուտքերը:
Մանրամասները՝ տեսանյութում