Home / Տեսանյութեր / Ծնողները հավատում են՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ կորած որդին ողջ է (ՖՈՏՈ)

Ծնողները հավատում են՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ կորած որդին ողջ է (ՖՈՏՈ)

Կապանցի Սերժիկ Առաքելյանը և Էլմիրա Թումանյանը այն հարյուրավոր ծնողներից են, ովքեր 20 տարի առաջ բանակ ճանապարհեցին իրենց միակ որդուն և մինչև այսօր հավատով սպասում են վերադարձին:

Արմեն Առաքելյանը 1990թ. դեկտեմբերին զորակոչվել է խորհրդային բանակ՝ Մեղրիի զորամաս: Մեկ տարի ծառայելուց հետո՝ Ղարաբաղյան շարժման ամենաթեժ շրջանում, նա ցանկություն է հայտնել զինվորական ծառայությունը շարունակել նոր-նոր կազմավորվող հայկական բանակում: Ծառայում էր Շիկահողի գումարտակում՝ Մարտուն Բադալյանի հրամանատարության ներքո: 

«Երեք ամիս էր մնացել զորացրվելուն: 1992թ․ հունվարի 4-ին տուն եկավ ընկերների հետ, նստեց, խոսեցին, ուրախացան: Այդ ընթացքում ինքը զանգեց, բոլոր բարեկամ հարազատների հետ խոսեց: Ասաց՝ մամ, խառն է դիրքերում, հնարավոր է՝ այս անգամ ուշ գամ, մինչև հանդարտվի: Գնացին: Հունվարի 7-ի առավոտյան լսեցինք, որ Շիկահողի 6-րդ գումարտակը 21 հոգանոց խմբով Հորադիզում ընկել է շրջափակման մեջ: Խրամատը պայթեցրել էին, բայց ոչ մեկի մարմինը, թեկուզ մի կտոր շոր չգտնվեց: Մինչև հիմա անհայտ է գումարտակի 21 տղաների և հրամանատարի  ճակատագիրը: Շատ ենք փորձել գտնել մեկին, ով մի հուսադրող բան կասեր, գումար էինք հավաքել նույնիսկ, մեզ թվում էր՝  մի  քանի օր կանցնի, փրկագին կպահանջեն: Բայց ամեն ինչ արդեն 20 տարուց ավելի անորոշության մեջ է»,- պատմել է մայրը:

          5armen

Լուսանկարում՝ Էլմիրա Թումանյանը

Ծնողները 1995թ. հոկտեմբերի 12-ին լուր են ստացել, որ իրենց որդին ողջ և ադրբեջանական «ինչ֊որ Ժդանովսկի շրջանում է»: Այդ մասին, տիկին Էլմիրայի խոսքով, իրենք տեղեկացել են ադրբեջանցի հրամանատարի միջոցով, ով այն ժամանակ իրենց ազգականի հետ կապ էր պաշտպանում։ 

«Այդ մարդը խոստացել էր գտնել որդուս և փոխանակեր, բայց վախեցավ, կապը խզեց մեր հետ: Ու դրանից հետո էլ ոչինչ չհաջողվեց իմանալ: Մինչև վերջերս հավատում էի, որ գերիների փոխանակում կլիներ, բայց ապարդյուն: Ինչ ուզում է ասեն, մեկ է, մայրական սիրտս զգում է, որ տղաս ողջ է, չգիտեմ՝ ոնց է, ինչ վիճակում է»,- պատմել է մայրը:

Մայրը մինչ օրս պահում է որդու բոլոր իրերը՝ պատվոգրերը, գովասանագրերը, մեդալները, դպրոցական և ուսանողական տարվա լուսանկարները: Պահոցից հանեց մի ալբոմ, որը բացելուց արդեն ձեռքերը սկսեցին դողալ։ «Ինձ այս ալբոմը ամեն անգամ էլ ավելի է ցավեցնում ու գցում հուսալքության մեջ, երբ թերթում եմ»,֊ ասաց: 

           4armen

Պատմեց, որ տղան լավ ձեռք ուներ․ «Հաճախ էր նկարում: Գիտեի: Բայց որ ծառայության մեջ էլ էր ժամանակ գտնում իրեն մատիտին ու թղթին տալու, չգիտեի»: 

Արմենի  անհետանալուց հետո զինծառայակից ընկերներից մեկը հավաքել էր նրա իրերը և բերել, հանձնել էր ծնողներին: Շորերի միջից էլ մայրը գտել է այդ ալբոմը, որտեղ որդին հավաքել էր հարազատների բոլոր լուսանկարները, քրոջ երեխայի լուսանկարը: Ամեն մի էջից հետո արդեն իր նկարած նկարներն էին, որոնք վերաբերում էին բանակին, պատերազմին, զինվորական ծառայությանը:

           1armen

Լուսանկարներում կար բանտարկված տղա, ով մորն էր ձայն տալիս: «Գիտեմ՝ ինքն իրեն է նկարել: Ինքը կանխազգացել է: Նույնիսկ դիմել եմ գուշակների ծառայության. խելագարվում էի անորոշությունից: Ուզում էի լսել ուրիշից, որ տղաս ողջ է, թեկուզ դա օդի մեջ ասված խոսքեր լինեին: Պարզապես ուզում էի լսել ինձ հուսադրող ու քաջալերող խոսքեր: Գնացի գուշակի մոտ. անծանոթ կին էր, տեղյակ չէր՝ ինչի համար էի գնացել: Երբ ներս մտա, այդ կինը ինձ ամոթանք տվեց, որ սևազգեստ եմ։ Ասաց՝ ո՞ւմ մահն ես սգում, քո տղան ողջ է: Հավատում եմ, բայց պահի տակ հուսալքվում, կոտրվում, ամեն ինչ մեջս մեռնում է: Միայն Աստծուց առողջություն եմ խնդրում, որ ինձ ու ամուսնուս մի քիչ էլ ապրելու օրեր տա, մինչև տեսնեմ որդուս, գրկեմ ու կարոտս առնեմ: Մեղադրում եմ ինձ մեկ-մեկ, որ անցյալով եմ խոսում Արմենիս մասին»,֊ պատմել է տիկին Էլմիրան:

           3armen

Ծնողներն անգամ դիմել են «Սպասիր ինձ» («Жди меня») ռուսական հաղորդման անձնակազմին: Սակայն վերջիններս որոշ ժամանակ որոնողական աշխատանքներ տանելուց հետո տեղեկացրել են ծնողներին, որ ադրբեջանական կողմից ոչ մի տեղեկություն չի հաջողվել ճշտել:

Էլմիրա Թումանյանը և Սերժիկ Առաքելյանն ունեն լուրջ առողջական խնդիրներ: Հայրը որդու անհետանալու լուրը լսելուց հետո սրտամկանի ինֆարկտ է ստացել: Որոշ ժամանակ բուժման կուրս է անցել, իսկ դրանից հետո նրա մոտ հայտնաբերվել է շականակագեղձի ուռուցք: Վերջերս Էլմիրա Թումանյանի մոտ ևս հայտնաբերվել է թոքերի քաղցկեղ: Ամուսինները այժմ քիմիաթերապիայի կուրս են անցնում Երևանի «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական հիվանդանոցում: Դուստրն է հոգում ծնողների բուժման ծախսերը: Պետության կողմից ոչ մի օգնություն չեն ստանում: 2000 թվականին փաստաթուղթ են հանել ու ձևակերպվել զոհված զինծառայողի ծնողներ, որպեսզի որոշ արտոնություններ ունենան: Բայց ինչպես ինքն էր նշում, ոչ բոլորն են ուշադրություն դարձնում իրենց կարգավիճակին ու այդ թղթին: 

Միայն ԿԽՄԿ-ի կողմից են ստացել որոշակի չափով ֆինանսական աջակցություն՝ իրենց սոցիալական և առողջապահական խնդիրները փոքր-ինչ թեթևացնելու համար:

Ելենա Զոհրաբյան