Գյումրիի սպանությանը և դրան հետևած բողոքի ակցիաներին արձագանքել են ԱՄՆ֊ում բնակվող հայերը։ Հունվարի 15-ին Լոս Անջելեսի ՀՀ հյուպատոսության շենքի մոտ ակցիա է նախաձեռնել «Հայկական Վերածնունդ» քաղաքացիական շարժումը:
Ինչպես և Գյումրիում, ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործը հանձնվի հայ իրավապահներին և դատն անցկացվի հայաստանյան դատարանում:
«Մենք սատարում ենք մեր հայրենակիցներին: Կանգնած ենք գյումրեցիների կողքին: Մեր հայրենակիցները Հայաստանում մենակ չեն: Սփյուռքը Հայաստանի հետ է», – ասված էր միջոցառման հայտարարության մեջ:
Ակցիային մասնակցել է ավելի քան 100 մարդ:
Հունվարի 17-ին, ժամը 15։00-ին ակցիա է նախատեսվում նաև Թբիլիսիում՝ Վրաստանում Հայաստանի դեսպանատան շենքի մոտ: Ակցիայի կազմակերպիչը վրաստանցի Գեորգի Չինչալաձեն է․ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նա կոչ է արել ծաղիկներ և մոմեր տանել դեսպանատան մոտ՝ «ի համերաշխություն հարևան երկրի»:
Ավելի վաղ նմանատիպ ակցիա է անցկացվել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ։ Մարդիկ իրենց հետ բերել են ծաղիկներ, խաղալիքներ, մոմեր և «Սգում ենք միասին» գրությամբ պաստառներ։