Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարգապահական վարույթ է հարուցել փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է պալատի կայքը: Հիշեցնենք, որ Յայլոյանը պաշտպանում էր Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի շահերը: Հետագայում նա հայտնել է լրատվամիջոցներին, որ այդ գործը ստանձնել էր Շիրակի մարզի քննչական պետի տեղակալի հրավերով, հրաժարվել է այդ ծառայություններից և հրապարակել է Պերմյակովի ցուցմունքները:
Թամարա Յայլոյանի կողմից Վալերի Պերմյակովի ցուցմունքները հունվարի 15-ին հրապարակելու մասով կարգապահական վարույթ չի հարուցվել, քանի որ ավելի վաղ՝ հունվարի 13-ին, արդեն իսկ ցուցմունքները հրապարակված են եղել Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի հետ news.am լրատվական կայքի թղթակցի հետ ներկայացված զրույցի արդյունքում՝ «Գյումրիում ընտանիքի սպանության մեջ կասկածվողը սկսել է ցուցմունք տալ. մանրամասներ» հրապարակման մեջ:
Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմամբ պետք է ստուգման ենթարկվի Թամարա Յայլոյանի՝ Վալերի Պերմյակովին իրավական օգնությունը Շիրակի մարզի քննչական պետի տեղակալի հրավերով ցույց տալու, ինչպես նաև նրա կողմից Վալերի Պերմյակովին իրավական օգնություն ցույց տալուց հրաժարվելու վարքագծի համապատասխանությունը Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջներին։
Ըստ օրենքի՝ փաստաբանը չի կարող ընդունել նախաքննության և դատաքննության փուլերում տվյալ գործով վարույթ իրականացնող պաշտոնատար անձի կողմից իրեն ուղղված՝ տվյալ վարույթին առնչվող անձի գործի վարման հետ կապված իրավական օգնություն ցույց տալու հանձնարարություն: Փաստաբանը, եթե օրենքը չի արգելում և այլ բան նախատեսված չէ պայմանագրում, իրավունք ունի հրաժարվել իրավական օգնություն ցույց տալու պայմանագրի կատարումից հետևյալ հիմքերով.
1) վստահորդը փաստաբանի պարզաբանումներին հակառակ կատարում է գործողություններ կապված հանձնարության հետ, որոնք օրենքով արգելված են,
2) վստահորդը պնդում է ակնկալվող արդյունքի ձեռքբերումը, որը օբյեկտիվորեն դարձել է անհնար՝ նոր ի հայտ եկած հանգամանքների կամ փաստերի բերումով,
3) վստահորդը թույլ է տալիս իրավական օգնություն ցույց տալու պայմանագրով իր ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումներ,
4) հանձնարարության պատշաճ կատարումը անհնար է դառնում վստահորդի կողմից փաստաբանի խորհուրդներին հակառակ գործողություններ կատարելու հետևանքով,
5) վստահորդը կատարում է փաստաբանի պատիվը, արժանապատվությունը և հեղինակությունը անվանարկող գործողություններ,
6) վստահորդը հրաժարվում է կատարել իրավական օգնություն ցույց տալու պայմանագրով նախատեսված վճարումները: