Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանության նոր շենք կառուցելու վերաբերյալ երկրի հետ կնքված համաձայնագրից։ Որոշումը կայացվել է Վաշինգտոնի՝ Ադրբեջանում 2013 թվականին կայացած ընտրությունների արդյունքները քննադատելուց անմիջապես հետո։ Այս մասին հայտնում է Turan գործակալությունը՝ հղում անելով տեղեկացված դիվանագիտական աղբյուրի։
Դեսպանությունը նոր շենքի կարիք վաղուց ունի․ ներկայիս 100֊ամյա կառույցը չի համապատասխանում անհրաժեշտ պահանջներին ու չափազանց փոքր է, ընդգծում է կայքը։
«Ներկայիս շենքը գտնվում է վատ վիճակում՝ չնայած ղեկավարության՝ այն նորմալ վիճակում պահելու հուսահատ ջանքերին։ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս արգելափակել է նոր շենք ստանալու դեսպանության փորձերը»,֊ ասված է Պետդեպի՝ 2014 թվականի ապրիլ֊մայիս ամիսների վերաբերյալ զեկույցում։
Turan֊ի աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ֊ի քննադատությունը 2013 թվականի ընտրությունների ընթացքում գրանցված իրավախախտումների, ինչպես նաև քաղաքացիական իրավունքների ոլորտում օրենսդրության խստացման վերաբերյալ, վրդովեցրել է Ալիևի կառավարությանը։
Միևնույն ժամանակ, Պետդեպի զեկույցի մեջ նշված է, որ չնայած «ավտորիտարիզմի մտահոգիչ միտումներին ու քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումներին», Ադրբեջանը շարունակում է մնալ տարածաշրջանում ԱՄՆ կարևոր գործընկերը Աֆղանստանում ՆԱՏՕ֊ի առաքելությանը կազմակերպչական աջակցության ապահովման, Իրանի միջուկային զսպման հարցերում, ահաբեկչության դեմ պայքարում։
«Թեև Ադրբեջանը որոշ առաջընթաց է գրանցել տնտեսական բարեփոխումների ոլորտում, մյուս ոլորտներում, նախևառաջ քաղաքացիական հասարակության ու մարդու իրավունքնրի հարցերում, առկա են լուրջ խնդիրներ»,֊ ասված է զեկույցի մեջ։