հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ԵԽԽՎ֊ում Հայաստանին կոչ են արել պայքարել սեռական կողմնորոշման հիմքով խտրականության դեմ

ԵԽԽՎ֊ում Հայաստանին կոչ են արել պայքարել սեռական կողմնորոշման հիմքով խտրականության դեմ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բելգիացի պատվիրակ Պետրա դե Սուտերը հունվարի 28-ին ԵԽԽՎ֊ում «Հայաստանի իշխանություններն անպատիժ են թողնում ԼԳԲՏ անձանց դեմ ատելության սերմանումը» անունը կրող հայտարարության տեքստ է տարածել, որի տակ ստորագրել են 22 պատվիրակներ։

Հայտարարության մեջ նշվում է․ «2014 թվականի մայիսի 17֊ին «Իրավունք» թերթն իր կայքում հրապարակել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված։ Այն թիրախավորել էր «համասեռամոլների շահերի լոբբիստներին», որոնք փորձում են «ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում»: «Զրո հանդուրժողականություն» պահանջելով՝ թերթը հրապարակել էր 60 անձանց ցուցակ՝ կոչ անելով դադարեցնել նրանց հետ շփումը, չընդունել աշխատանքի և հեռացնել պետական ծառայությունից, «որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը»:

«Իրավունք Մեդիա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հայկ Բաբուխանյանը ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր է։

Իշխանություններն անպատիժ են թողել ատելության ու խտրականության նման խթանումը։ Ավելին, հոկտեմբերի 25֊ին՝ «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում, Բաբուխանյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։

Մենք կոչ ենք անում,

֊ այս Վեհաժողովում Հայաստանի պատվիրակներին, հատկապես՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, իրենց գործընկերներին հասկացնել, որ պետք է զերծ մնալ ատելության ու խտրականության խթանումից,

֊ Հայաստանի իշխանություններին, անվերապահորեն դատապարտել հրահրման նման դեպքերն ու միջոցներ ձեռնարկել սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ցուցաբերվող խտրականության դեմ պայքարում [Եվրախորհրդի] Նախարարների կոմիտեի Հանձնարարականը գործադրելու ուղղությամբ»։

Նշենք, որ հայտարարությունը տարածվել է ոչ թե ԵԽԽվ֊ի անունից, այլ՝ այն պատգամավորների, ովքեր ստորագրել են դրա տակ։