Home / Տեսանյութեր / Ոստիկան ամուսինը ծեծել է կնոջը․ ծեծին միացել էր նաև տեգրը

Ոստիկան ամուսինը ծեծել է կնոջը․ ծեծին միացել էր նաև տեգրը

Գավառի Գանձակ գյուղում 13 տարի շարունակ ընտանեկան բռնության ենթարկված կինը դիմել է ոստիկանություն: ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, դատաբժշկական փորձաքննությունն ապացուցել է, որ նա ստացել էր գանգուղեղային վնասվածք, վերհոնքային շրջանի սալջարդ, քթի քերծվածք: Ինչևէ, բռնարար ամուսնու (մասնագիտությամբ ոստիկան) նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ «ծեծը տուժողին բազմաթիվ հարվածներ հասցնելն է, իսկ մեկ հարվածը չի կարող համարվել ծեծ», գրում է լրագրող Արման Ղարիբյանը՝ womennet.am կայքում:

Ըստ հրապարակման՝ Սոնային (անունը փոխված է) բռնության է ենթարկել ոչ միայն ամուսինը, այլև տեգրը, ում մասով քրեական գործը, ի դեպ, չի կարճվել:

Սոնան պատմել է, որ իրեն ամուսնու ընտանիքը մշտապես սպառնում էր, որ եթե դիմի ոստիկանություն, երեխաներին այլևս չի տեսնի:

2014 թվականի հոկտեմբերի 4-ին ընտանիքը պետք է նշեր դստեր ծննդյան օրը: «Էլի խմել էր Կարենը, ես խնդրեցի, որ զանգեն ու կանչեն ախպորը՝ Արշակին (անունը փոխված է), որ գա ու հանգստացնի հարբած ախպորը, մենակ ինքն էր կարում քնացներ Կարենին էդ վիճակում»,- պատմել է Սոնան:

Նրա խոսքով՝ երբ տեգրը եկել է իրենց տուն, երկու եղբայրներով սկսել են հայհոյել իրեն, իսկ հետո գործի են դրել ձեռքերն ու ոտքերը: «Ես Արշակին խնդրեցի, ասեցի՝ բեր ախպորդ քնացրու: Ինքն ասեց՝ դո՞ւ պիտի ինձ ասես ես ինչ անեմ, ու պուլտով խփեց երեսիս: Հետո երկու ախպեր եղան մեկ ու սկսեցին քաշքշել ինձ, ամուսինս մեջքիս զարկեց… աղջիկս եկավ, հորն ասեց, թե մորս մեջքին մի խփի․ ես ողնաշարի խնդիր ունեմ, վիրահատվել եմ…»,- պատմել է կինը:

Նա փորձել է տնից դուրս գալ, սակայն դուռը կողպել են, խլել են հեռախոսը՝ թույլ չտալով օգնություն կանչել: Ինչևէ, կնոջը հաջողվել է հարևաններից օգնություն խնդրել և փախչել:

Ներկայումս Սոնան և Կարենն ամուսնալուծված չեն: Երեխաներից մեկը՝ տղան, մնացել է հոր մոտ, աղջիկը՝ մոր:

Մանրամասները՝ womennet.am-ում