Հետխորհրդային տարածքում Մոսկվայի երկու ամենամոտ դաշնակիցները՝ Բելառուսն ու Հայաստանը, կարող են վերանայել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Արևմուտքի հետ դրա դիմակայության լույսի ներքո։ Այս մասին ասված է ամերիկյան «Ստրատֆոր» (Stratfor) մասնավոր հետախուզական ընկերության զեկույցի մեջ։
Ընկերության փորձագետները հիշեցնում են, որ հունվարի 29֊ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել, որ Բելառուսը կարող է դուրս գալ Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությունից, եթե համաձայնությունները չպահպանվեն, բայց, միաժամանակ, ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ինտեգրումն ամուր է ու խորը։ Իսկ Հայաստանը, ինչպես նշում են «Ստրատֆոր»֊ի վերլուծաբանները, Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտությունում, որտեղ Ռուսաստանն առանցքային դեր ունի․ բախվում է աճող բարդությունների։
Ընկերության աշխատակիցների խոսքով՝ Բելառուսն ու Հայաստանը դեռևս ռազմավարական կողմնորոշում են պահպանում Ռուսաստանի ուղղությամբ, բայց հետագայում շարունակելու են վերագնահատել իրենց դիրքորոշումը՝ կախված այն բանից, թե ինչի կհանգեցնի Մոսկվայի ու Արևմուքտի միջև պայքարը։
Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանը երկար տարիներ հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը։ Հայաստանի՝ Ռուսաստանի ուղղությամբ կողմնորոշման հիմնական գործոնը Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտությունն է։
«Ստրատֆոր»֊ի վերլուծաբանների խոսքով՝ ուկրաինական ճգնաժամը ազդել է նաև ղարաբաղյան հակամարտության վրա։ Հայ֊ադրբեջանական զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով աճել է լարվածությունը, հրադադարի խախտման դեպքեր են գրանցվել 2014 թվականի օգոստոսին, իսկ նոյեմբերին Ադրբեջանի զինված ուժերը խոցել են հայկական ուղղաթիռ։ Ադրբեջանը մանևրելու ավելի շատ հնարավորություններ ունի այդ երկրի էներգետիկ ռեսուրսների պահանջվածության շնորհիվ, ինչպես նաև այն պատճառով, որ Ռուսաստանն այսօր ավելի կենտրոնացած է Ուկրաինայի վրա։
«Այս գործոններն Հայաստանին թույլ են տալիս մտածել Ռուսաստանի՝ որպես անվտանգության երաշխավոր հանձնառության մասին, առավել ևս, որ Մոսկվան թույլ արձագանքեց խոցված հայկական ինքնաթիռի միջադեպին։ Հայաստանն ի պատասխան որևէ ուժային հարձակում չձեռնարկեց, իսկ հունվարի 27֊ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց, որ խոցված ինքնաթիռը շեղվել էր ուղուց, ինչպես նաև հայտնեց, որ միջադեպի կապակցությամբ իրականացվել են պաշտոնանկություններ»,֊ ասված է զեկույցի մեջ։
«Ստրատֆոր»֊ի վերլուծաբանների կարծիքով՝ նախարարի խոստովանությունը ցույց է տալիս, որ Հայաստանը կարող է վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչից կարող են փորձել օգտվել Արևմուտքն ու Թուրքիան։
Այնուամենայնիվ, զեկույցի հեղինակները գտնում են, որ Հայաստանը շարունակելու է «նախկինի պես զգուշավոր լինել՝ Ռուսաստանից շատ չհեռանալու համար»․ «Նույնիսկ վերջերս Գյումրիում ռուս զինվորի կողմից մի ամբողջ ընտանիքի սպանությունից ու դրա հետևանքով տեղի ունեցած ցույցերից հետո պաշտոնական Երևանը կանգնեց Մոսկվայի կողքին: Օհանյանը հայտարարեց, որ միջադեպը չպետք է սեպ խրի հայ-ռուսական հարաբերությունների մեջ՝ ընդգծելով, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը տարածաշրջանային մեծ խնդիրներ է լուծում»։
Ռուսաստանի ռազմական աջակցությունը Հայաստանի համար ծայրահեղ կարևոր նշանակություն ունի, բայց ղարաբաղյան հակամարտության շարունակությունը կամ դրա սրումը կարող է Հայաստանին դրդել փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի վերաբերյալ, կարծում են «Ստրատֆոր»֊ի փորձագետները։