Home / Հայաստան / Ադրբեջանը կորցնում է նշանակությունը ԱՄՆ֊ի համար

Ադրբեջանը կորցնում է նշանակությունը ԱՄՆ֊ի համար

Ադրբեջանի ռազմավարական նշանակությունն ԱՄՆ֊ի համար նվազում է, ու պաշտոնական Բաքուն Վաշինգտոնի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ առանձնահատուկ ուշադրություն չի ցուցաբերում։ Contact.az֊ի փոխանցմամբ՝ «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի (American Foreign Policy Council) ավագ գիտաշխատող Ուեյն Մերին,, ով բազմիցս այցելել է Հարավային Կովկաս, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղ։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կա կապ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների ու ԱՄՆ կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների նկատմամբ ճնշումների ու Բաքվի՝ արտաքին քաղաքականության կողմնորոշման փոփոխության և Ռուսաստանի հետ հնարավոր մերձեցման միջև, Մերին ասել է․

֊ Ինձ համար դժվար է կողքից բնութագիր տալ Բաքվում քաղաքականությունը սահմանողների շարժառիթներին։ Բայց, ըստ էության, վերջին ամիսներին Ադրբեջանը հրաժարվում է հարգանքով վերաբերվել Ամերիկայի զգացմունքներին ու դիմում է քայլերի, որոնք վրդովեցնում են ոչ միայն ԱՄՆ կառավարությանը, նախագահ [Բարաք] Օբամային, այլև Կոնգրեսում կարևոր անձանց։ Հնարավոր է՝ Բաքվում դրան նշանակություն չեն տալիս, քանի որ միշտ ասում են, թե Ադրբեջանը որքան կարևոր է, և ալն։ Բայց ԱՄՆ֊ի նման հզոր երկրի դեպքում այդ դժգոհությունները կուտակվում են, ու ինչ֊որ պահի գալիս է հաշիվները փակելու ժամանակը։

Իմ կարծիքով՝ կգա մի օր, երբ ԱՄՆ֊ն կտեսնի, որ Ադրբեջանը Վաշինգտոնի համար ավելի փոքր նշանակություն ունի, քան թվում է այսօր։

֊ Իսկ Արևմուտքը Ադրբեջանի համար մեծ նշանակություն ունի՞։

֊ Ադրբեջանի նավթի եկամուտները վերջին տարիներին ճանապարհ են բացել լայնածավալ կոռուպցիայի ու կոռոզիայի համար։ Մյուս կողմից, Իլհամ Ալիևն ու նրա շրջապատը զբաղված են ներքին իրավիճակով ու գնալով ավելի ու ավելի են կորցնում պատկերացումը շրջակա աշխարհի մասին։

Վերջապես, Ադրբեջանն իրեն համաշխարհային մակարդակով չափազանց կարևոր խաղորդ է համարում, թեև Արևմուտքի ու ԱՄՆ֊ի առաջնահերթություններում այն նման նշանակություն չունի։ ԱՄՆ֊ը պետք է բացատրի Ադրբեջանին՝ 5֊10 տարի առաջվա համեմատ Ադրբեջանի դերը Ամերիկայի առաջնահերթություններում այնքան էլ մեծ չէ։ Փոփոխվող էներգետիկ շուկան ու Աֆղանստանում Ամերիկայի նվազող ռազմական ներկայությունը արժեզրկում են այդ դերը։ Այդ միտումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի։

Եթե Ադրբեջանը ցանկանում է շեղվել նավթային հզորության վրա հիմնված ավտորիտարիզմի ուղուց, ապա այո, երկրին Արևմուտքը պետք է։ Հենց այդ պատճառով է Արևմուտքը ԽՍՀՄ փլուզումից հետո ձեռք մեկնել Ադրբեջանին։ Բայց եթե Ադրբեջանի քաղաքական առաջնորդները կարծում են, որ իրենք այնքան հարուստ ու անկախ են, որ Արևմուտքի ու ԱՄՆ֊ի շահերը հաշվի առնելու անհրաժեշտություն չկա, ապա կարող են գնալ իրենց ճանապարհով։ Սակայն Ադրբեջանը համեմատաբար փոքր երկիր է՝ Ռուսաստանի ու Իրանի միջև, ու կարող է գալ ժամանակ, երբ այն կունենա հզոր ընկերների կարիք։ Եվ այդ ժամանակ կպարզվի, որ այն նման ընկերներ չունի։