Home / Հայաստան / Լեյտենանտի մահվան մասին հարազատները ԶԼՄ֊ներից են իմացել․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Լեյտենանտի մահվան մասին հարազատները ԶԼՄ֊ներից են իմացել․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

2015թ. փետրվարի 10-ին ԼՂՀ֊ում զոհված լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հարազատները նրա մահված մասին իմացել են ԶԼՄ֊ներից։ Դեպքի մասին այլ մանրամասներ հարազատներին առայժմ հայտնի չէ։ Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որի ներկայացուցիչներն այսօր Վանաձորում այցելել են Սիմոնյանի ընտանիքին։

Հարազատները պատմել են, որ Տիգրանն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու անցել ծառայության: Արդեն մոտ երկու տարի ծառայում էր Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում և, ըստ հարազատների, սիրով էր կատարում իր աշխատանքը: Մոր խոսքերով՝ Տիգրանը մեծ ցավով էր ընդունել վերջերս Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած դեպքը, որի ժամանակ սպանվել էր Հայկազ Բարսեղյանը:

Ըստ նախնական տեղեկությունների Տիգրան Սիմոնյանը մահացու վիրավորում է ստացել ծառայակցի կրակոցից։ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե հայկական կողմը դիվերսիա է իրականացրել, և ադրբեջանական զինված ուժերիի կանխարգելիչ միջոցառումների արդյունքում զոհեր է տվել, այդ թվում՝ Տիգրան Սիմոնյանը: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ադրբեջանական կողմի հաղորդագրությունը «առնվազն ծիծաղելի էժանագին հնարք» է որակել։

Tekali Taxi