ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի Քաղցրաշեն համայնքի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման վերաբերյալ քննարկման արդյունքում կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել: Այս մասին հայտնում է ecolur.org-ը:
«Ողջ քննարկման ժամանակ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները փորձել են համոզել բնակիչներին համաձայնել նախագծի իրականացմանը: Սակայն գառնեցիներին համոզել չի հաջողվել: Բնակիչները մտադիր են շարունակել պայքարը և կոչ են անում բնապահպաններին միանալ իրենց և համատեղ պայքարել Գառնիի ձորը փրկելու համար»,- գրում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ծրագրի մասին հանրային լսումները անցյալ անգամ խափանվել էին, քանի որ մոտ 300 գառնեցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք դեմ են, որ իրենց համայնքի կողքով անցնող գետից՝ Ազատից ջուրը խողովակներով տեղափոխեն Արարատի մարզի 12 գյուղեր ոռոգման համար։ Ծրագրի հեղինակների փաստարկն այն է, որ ինքնահոս (առանց պոմպերի) համակարգերի ստեղծումը կարևոր է, քանի որ դա ոռոգման էժան տարբերակ է: Սակայն գառնեցիները պնդում են, որ այդ ծրագիրը թաքնված այլ նպատակներ ունի: Համայնքի բնակիչները համոզված են՝ խողովակաշարի կառուցման հիմնական նպատակը վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսին աջակցելն է. Արարատի Նարեկ գյուղում վարչապետը հիմնել է 600 հա տարածությամբ այգի, որի էժան (առանց պոմպերի օգտագործման) ոռոգման նպատակով է կառուցվում խողովակաշարը։ Բնապահպանական առումով ծրագիրը կարող է հանգեցնել գետի ջրի պակասելուն և դրանում կենդանական աշխարհը վնասելուն: Եվ վերջպես օրենսդրական առումով՝ ծրագիրը չի կարող իրականցվել առանց գառնեցիների համաձայնության, քանի որ նրանք են ազդակիր համայնք համարվում:
Ծրագիրը ներկայացնող «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի տնօրեն Մեսրոպ Խաչատրյանի փաստարկները ծրագրի անհրաժեշտության մասին՝ այստեղ։
Գառնեցիների հակափաստարկները՝ այստեղ։