Home / Հայաստան / ՀՀ կառավարությունը խտրական է վերաբերվում ազգային փոքրամասնություններին․ հայտարարություն

ՀՀ կառավարությունը խտրական է վերաբերվում ազգային փոքրամասնություններին․ հայտարարություն

ՀՀ կառավարությունը Հայաստանի տարբեր համայնքների հանդեպ ձևական հավասար մոտեցում է ցուցաբերում, ինչի հետևանքով խախտվում է իրական բովանդակային հավասարության սկզբունքը: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է, 2015 թ. փետրվարի 19֊ի ՀՀ կառավարության նիստին քննարկման էր դրվել «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու մասին ՀՀ կառավարության նախագիծը, որով նախատեսվում է պետական բյուջեի համապատասխան տողով նախատեսված 20 մլն դրամ հատկացումը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով բաշխել ՀՀ ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին՝ համաձայն որոշման հավելվածի: Որոշման հավելվածով, իր հերթին, ներկայացված են ՀՀ նախագահի օգնականին կից գործող ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ հանդիսացող 11 համայնքները, որոնց միջև հավասարապես բաշխվել է հատկացվելիք գումարը` 9 միլիոն դրամը:

Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ 10 միլիոն դրամը, իր հերթին, Խորհրդի որոշմամբ տրամադրվել է «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ-ին` Խորհրդի որոշմամբ հաստատվող ազգային փոքրամասնությունների տարբեր հասարակական կազմակերպությունների (այդ թվում՝ Խորհրդի անդամ չհանդիսացողների) առավել կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման համար: Նշված որոշման ընդունումը, ըստ նախագծի հիմնավորման, բխում է «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, ՀՀ 2015թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի որոշման պահանջներից: Վերը նշված որոշման 28-րդ կետի համաձայն` ՀՀ կառավարություն պետք է ներկայացնել առաջարկություն ՀՀ 2015 թ. պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված հատկացումների վերաբերյալ` ըստ առանձին ստացողների բաշխման:

minorities

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդգծում է, որ որոշումը պարունակում է մի շարք անորոշ, և նույնիսկ հստակ խտրական դրույթներ:

«Այսպես, պարզ չէ, թե ինչպես է որոշվել այս գումարները բաշխել միայն նշված Խորհրդի անդամ հանդիսացող կազմակերպությունների միջև և ինչ կարգով պետք է տրամադրվի ՀԿ-ներին «Հարմոնիա» ՀԿ-ին տրամադրված լրացուցիչ 10 մլն. դրամը: Բացի դա, պարզ չէ, թե ինչպես է ընտրվել նշված կազմակերպությունների միջև գումարների հավասար բաշխման սկզբունքը, այն դեպքում երբ նշված համայնքների անդամների թիվը ՀՀ-ում խիստ տարբեր է: Այսպես, ՀՀ-ում եզդիական համայնքի անդամների թիվը կազմում է 35 308 հազար անձ, իսկ հունական և վրացական համայնքների անդամներ թիվը` 900 և 617 անդամ, համապատասխանաբար, սակայն նրանց տրամադրվում է միևնույն չափի գումար: Նման մոտեցման արդյունքում այս համայնքների կողմից նշված միջոցներով իրականացվող միջոցառումների ազդեցությունը կարող է խիստ անհամաչափ լինել: ՀՀ կառավարության կողմից տարբեր համայնքների հանդեպ ֆորմալ (ձևական) հավասար մոտեցում ցուցաբերելու արդյունքում, խախտվում է իրական բովանդակային հավասարության սկզբունքը: Ինչի արդյունքում մի համայնք` մյուս համայնքի համեմատ դրվում է առավել անբարենպաստ վիճակում: Նման մոտեցման որևէ իրավաչափ հիմնավորում ՀՀ կառավարության որոշման նախագծի Տեղեկանք-հիմնավորմամբ փաստաթղթում չի ներկայացվել: ՀՀ կառավարության որոշման նախագիծը այսպիսով խտրական կարգավորումներ է պարունակում, տարբեր քանակի անդամներ ունեցող համայնքներին միևնույն չափի ֆինանսական աջակցություն ցուցաբերելով», ֊ ասված է հայտարարության մեջ։