Թուրքահայ լրագրող, Ստամբուլում թուրքերեն ու հայերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի՝ 2007 թվականին տեղի ունեցած սպանության գործի քննությունը կրկին փակուղի է մտել, քանի որ Դինքի սպանությունը չկանխելու գլխավոր պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյան, Թուրքիայի Ոստիկանության հետախուզության վարչության ներկայիս պետը՝ Էնգին Դինչը, չի հրավիրվել ցուցմունք տալու։ Այս մասին տեղեկացնում է Today's Zaman֊ը։
Դինչը 2007֊ին զբաղեցնում էր Տրապիզոնի ոստիկանության հետախուզության վարչության պետի պաշտոնը։ Դինքի սպանության գործի շրջանակներում արդեն ձերբակալվել են Տրապիզոնի բաժնում Դինչի ենթակայության տակ աշխատած մի շարք ոստիկաններ՝ սպանության քննության ժամանակ անփություն ցուցաբերելու մեղադրանքով։ Նրանցից մի քանիսն իրենց ցուցմունքներում խոսել են Դինչի հնարավոր ներգրավվածության մասին։
Տրապիզոնի ոստիկանության նախկին պետ Ռեշաթ Ալթայը, ով 2014 թվականին հարցաքննության էր հրավիրվել դատախազ Յուսուֆ Դողանի կողմից, իր ցուցմունքում տվել էր Դինչի անունը։ Թուրքական ԶԼՄ֊ների հաղորդմամբ՝ Ալթայն ասել էր, որ Դինչը լրագրողի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ որևէ զեկուցում իրեն երբեք չէր արել՝ նախքան հետախուզական հաշվետվություններն Ազգային ոստիկանության վարչություն ուղարկելը․ «Զեկույցներից բացի, Դինչն ինձ երբեք չի իրազեկել, թե Յասին Հայալը Դինքի դեմ հարձակում էր նախապատրաստում»։
Նշենք, որ Տրապիզոնի բաժնից Ազգային ոստիկանության վարչություն ուղարկված որոշ հաշվետվություններում հաղորդվում էր, որ Հայալը պատրաստվում էր սպանել Հրանտ Դինքին։
Իր ցուցմունքում Ալթայը նաև նշել է, որ Դինչը մի անգամ եկել է իր գրասենյակ ու նախազգուշացրել ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակիցներից մեկի վերաբերյալ։ Խոսելով Տրապիզոնի ոստիկանության իրազեկիչ Էրհան Թունջելի մասին, ով մեղադրվում էր Դինքի սպանությունը պատվիրելու մեջ, Դինչը, ենթադրաբար, ասել է․ «Պարոն, հետախուզության աշխատակիցներից մեկը խնդրահարույց է ու ագրեսիվ բնավորություն ունի։ Նա մշտապես ավելի շատ գումար է պահանջում։ Սա կարող է ապագայում անցանկալի միջադեպի պատճառ դառնալ»։
Ալթայի հարցին, թե հետախուզական թիմի այդ աշխատակիցն ինչ տեսակի տեղեկություն էր տրամադրում, Դինչը պատասխանել է, որ Թունջելը տեղեկություններ էր հավաքում Չեչնիայում գործող ծայրահեղ ազգայնական խմբավորման վերաբերյալ։
Ալթայի խոսքով՝ ինքը Դինչից պահանջել է իր մոտ բերել Թունջելին, սակայն Դինչը հրաժարվել է՝ ասելով, որ խնդիրն ինքնուրույն կհարթի։ «Դինչի հետ այս ամբողջ զրույցի ընթացքում նա ինձ չի հայտնել, որ Դինքի դեմ հարձակում էր պատրաստվում»,֊ դատախազին ասել է Ալթայը։
Դինքի սպանության գործի շրջանակներում 2015թ․ ձերբակալվել են նաև Դինչի ենթակայության տակ աշխատած ոստիկաններ Էրջան Դեմիրը, Օզքուն Մումջուն և Մյուհիթին Զենիթը, ովքեր իրենց ցուցմունքներում ասել են, որ Դինչը Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի ամենամեծ հեղինակությունն էր ու Դինքի մասին հետախուզական հաշվետվությունները պատրաստվել են հենց նրա կողմից։
Չնայած Դինչին մատնանշող բազմաթիվ ցուցմունքներին՝ գործը քննող ներկայիս դատախազը որոշել է Դինչին հարցաքննության չկանչել։ Դատախազի այս որոշումը կասկածներ է հարուցել, թե ինչ֊որ մեկը Դինչին պաշտպանում է հետապնդումից։
Գործի քննության շրջանակներում որպես կասկածյալներ հարցաքննվել են նաև Ազգային ոստիկանության վարչության երկու նախկին պետեր Սաբրի Ուզունն ու Ռամազան Աքյուրեքը, ինչպես նաև Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազարը։ Աքյուրեքը ձերբակալվել է այս տարվա փետրվարի 26֊ին՝ մեղադրվելով ազգայնական Էրհան Թունջելի հետ կապեր ունենալու մեջ։
Հիշեցնենք՝ Ստամբուլում հայերեն ու թուրքերեն լեզուներով հրապարակվող «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին ազգայնական Օգյուն Սամասթի կողմից։ Վերջինս դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Սամասթին սպանությունը պատվիրած Յասին Հայալը ցմահ ազատազրկման է դատապարտվել, իսկ ազգայնական Էրհան Թունջելը, ում մեղադրում էին սպանությունը պատվիրելու մեջ, արդարացվել է:
2014 թվականի նոյեմբերին Սամասթը նոր ցուցմունք է տվել՝ հայտարարելով, որ սպանության հետևում կանգնած են Տրապիզոնի այն ժամանակվա ոստիկապանապետ Ռամազան Աքյուրեքն ու Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության այն ժամանակվա պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը։