Կոռուպցիայի դեմ նոր հանձնաժողովը, որը ստեղծվել է Կառավարության որոշմամբ, նախկինում գործող հանձնաժողովից տարբերվելու է նրանով, որ դրանում ներկայացվելու են նաև հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի, համայնքների ներկայացուցիչներ: Այս մասին այսօր «Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհրդի ձևավորման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
«Իր բնույթով, իհարկե, սա մնալու է խորհրդատվական մարմին, ինչպես նախկինն էր: Ուղղակի ընդլայնվելու է կազմը, նաև ունենալու է ինստիտուցիոնալ ավելի ուժեղ հիմք, փորձագիտական հանձնախումբ և մոնիտորինգի բաժին»,- ասել է Հոկտանյանը: Փորձագետն ասել է, որ, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը արդյունավետ գործի, այն պետք է լինի անկախ, մինչդեռ Հայաստանում անկախ մարմինների գոյությունը հնարավոր չէ:
«Խնդիրը ես ավելի շատ տեսնում եմ քաղաքական կամքի մեջ, ոչ թե անկախ մարմնի գոյության: Մինչև Վարդերի հեղափոխությունը Վրաստանը կուռումպացված երկրների ցուցակում հինգերորդ տեղն էր զբաղեցնում, բայց ուներ Կոռուպցիայի դեմ պայքարի մարմին: Դա (կոռուպցիայի դեմ պայքարը – խմբ․) կարող է լինել երկու ճանապարհով՝ կամ իշխանափոխության, ինչպես եղավ Վրաստանում, կամ վերևից, ինչպես եղավ Սինգապուրում, դրսևորվեց այդ կամքը: Ես մեր մոտ քաղաքական կամք չեմ տեսնում, ու դրա համար այսպիսի իմիտացիաներ կլինեն, գումարներ կգան»,- ասել է Հոկտանյանը:
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդը ղեկավարելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդի կազմում ընդգրկվել են Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահն ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։