Գլխավոր / Հայաստան / Ռուսական ռազմաբազայի կորած զինծառայողին գտել են կախված վիճակում. պաշտոնական

Ռուսական ռազմաբազայի կորած զինծառայողին գտել են կախված վիճակում. պաշտոնական

Այսօր Շիրակի մարզում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դիակը՝ կախված վիճակում, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: Նշանակվել դատաբժշկական փորձաքննություն` պարզելու Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը:

Աֆյանը տանից դուրս էր եկել փետրվարի 21-ին, և այլևս չէր վերադարձել: Նրա կորելու կապակցությամբ ոստիկանությունում հաղորդում էր տվել զինծառայողի կինը՝ Ալվարդ Մկրտչյանը: Նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։

Արթուր Աֆյանը Տավուշի մարզից է, բայց բնակվում էր Գյումրիում, ամուսնացած է, 2 ամսական երեխա ունի։ 

Զինծառայողի անհետացումից հետո «Ասպարեզ» օրաթերթը գրել էր, որ Գյումրիում շրջանառվող խոսակցությունների համաձայն, նա պարտքեր ունի և անհետացումը, գուցե, դրանով է պայմանավորված։

Տավուշի մարզի Հովք գյուղի գյուղապետ Գրիգոր Գևորգյանը, սակայն, «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր համագյուղացին չէր կարող պարտքերի պատճառով անհետանալ․

«Նա շատ կազմակերպված, աշխատող երիտասարդ էր, գյուղում հարգված։  Այսօր ո՞վ պարտք չունի, չեմ կարծում՝ պարտքի համար է»։