Home / Հայաստան / Կնոջը դանակի 21 հարված հասցրած տղամարդուն անմեղսունակ ճանաչելը բողոքարկվում է

Կնոջը դանակի 21 հարված հասցրած տղամարդուն անմեղսունակ ճանաչելը բողոքարկվում է

35-ամյա Դիանա Նահապետյանին դանակի 21 հարվածով սպանելու մեջ մեղադրվող նրա ամուսինը՝ Վոլոդյա Մուրադյանը, երկրորդ դատաբժշկական փորձաքննությամբ հանցագործության պահին համարվել է հոգեպես խիստ հուզված, այնինքն՝ աֆեկտի տակ: Այս մասին Epress.am-ին հայտնել է սպանված կնոջ իրավահաջորդի ներկայացուցիչ Նաիրա Մկրտչյանը:

Նա հիշեցրել է, որ դատարանի կողմից նշանակված առաջին փորձաքննությունը հակառակն էր ցույց տվել. հանցագործության պահին Մուրադյանը եղել է մեղսունակ և գիտակցելով է կատարել հանցանքը։ Մեղադրողը նախորդ նիստին նոր փորձաքննության արդյունքների դեմ միջնորդություն էր ներկայացրել:

Մկրտչյանը պատրաստվում էր այսօրվա նիստին միանալ այդ միջնորդությանը, սակայն Մուրադյանի վատառողջ լինելու պատճառով նիստը հետաձգվել է: Վոլոդյա Մուրադյանը վատ է զգացել հենց դատարանի դահլիճում, նրա համար շտապօգնություն են կանչել, նիստը հնարավոր չի եղել շարունակել:

Հիշեցնենք, որ Մուրադյանը մեղադրվում է 104-րդ հոդվածի 2-ին մասի 5-րդ կետով՝ «առանձին դաժանությամբ սպանություն», որը ենթադրում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում, և միջնորդել է իրեն դատել ավելի մեղմ՝ 6-12 տարի նախատեսող հոդվածով: